Հենրիխ Մխիթարյան. «Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր պաշտոնապես նշանակվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հայ ֆուտբոլիստը պատասխանեց լրագրողների հարցերին:
Խոսելով Հայաստանի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին` Մխիթարյանը նշեց, որ Պետրոսյանն ընտրանու լավագույն խաղացողներից մեկն է և նրա հետ աշխատանքից մեծ տպավորություններ է ստացել:
«Արթուր Պետրոսյանն ինձ համար Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել փոքր տարիքում: Նրա հետ աշխատանքից մեծ տպավորություններ եմ ստացել: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել»,- ասաց Մխիթարյանը:
Անդրադառնալով իր մարզավիճակին և նոյեմբերի 11-ին Չեռնոգորիայի հետ կայանալիք հանդիպմանը` Մխիթարյանն ասաց, որ թեև վերջին հանդիպումն անցկացրել է մոտ 1 շաբաթ առաջ, խաղացել է 30 րոպե, սակայն դա խոչընդոտ հանդիսանալ չի կարող: Կարևորը ցանկությունն է, որի դեպքում մարզավիճակը մղվում է 2-րդ պլան: Սպասելիքները մեծ են, թեև մրցակցին դեռ լավ ծանոթ չէ, սակայն վերլուծելու ժամանակ դեռ ունեն:
Խոսելով Անգլիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, հայ ֆուտբոլիստը խոստովանեց, որ խաղաժամանակ քիչ է ստանում, սակայն դա չի կարող խանգարել իրեն` երազանքներն իրականացնելու համար:
«Ճիշտ է` քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Ամեն ինչ շատ լավ է: Երկար ճանապարհ եմ անցել` այնտեղ հասնելու համար, ուստի ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ` իմ ուզածին հասնելու համար»,- ասաց Մխիթարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում