ԱՄՆ-ում կատարվածը հեղափոխություն է. Կիրո Մանոյան
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ԱՄՆ նախագահական ընտրությունների նման ելք, երբ ԱՄՆ 45-րդ նախագահ կընտրվի գործարար Դոնալդ Թրամփը, չէր սպասում:
«Բոլոր կանխատեսումները հակառակի մասին էին, չնայած Թրամփն ու իր շրջապատը համոզված էին հաղթանակի հարցում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ամերիկյան ընտրությունների արդյունքները՝ ասաց Մանոյանը:
Հարցին, թե կարելի՞ է համարել, որ ԱՄՆ-ում հեղափոխություն կատարվեց՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը Հանրապետական կուսակցությունից Դեմոկրատներին անցնելու հանգամանքը, Մանոյանը պատասխանեց, որ հեղափոխություն կատարել են Թրամփը և ժողովուրդը:
«Կարելի է ասել, որ Թրամփը և ժողովրդի մեծամասնությունը հեղափոխություն կատարեցին, որովհետև սա կարելի չէ անպայման համարել Հանրապետականների հաղթանակը: Հանրապետական կուսակցության ղեկավարությունից շատերը չէին ընդունում Թրամփին, հակառակ, որ ինքը շարքային քաղաքացիների կողմից ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածու, բայց միևնույնն է, կուսակցության ղեկավարությունը միշտ չէ, որ ընդունել է նրան: Իսկ այն, որ կատարվածը հեղափոխություն է, միանշանակ է», -հավելեց դաշնակցական գործիչը:
Թրամփի ընտրվելը նաև, ըստ Մանոյանի, ամերիկյան կառավարման, իշխանական համակարգի նկատմամբ ժողովրդի ունեցած դժգոհության արդյունքն է:
«Այդ դժգոհությունը միայն Քլինթոնի, միայն Օբամայի, միայն դեմոկրատների դեմ չէր: Ընդհանուրի ու նաև այն հանրապետական ղեկավարության դեմ էր, որոնք հասարակության այս հատվածի համար ոչ մի փոփոխություն չեն տվել», -նկատեց Կիրո Մանոյանը:
Հարցին, թե ինքը՝ Թրամփը ի զորո՞ւ է լուծել այդ դժգոհության առիթ դարձած խնդիրները, Մանոյանն ի պատասխան նկատեց, որ խնդիրն էլ հենց դա է. «Տեսնենք՝ ինչպես կլուծի այդ հարցերը: Պարզապես պետք է նկատել, որ իրենք՝ քվե տվողները չեմ կարծում, թե իր բոլոր տեսակետները կիսում էին, պարզապես ոմանք կարելի է նույնիսկ ասել, որ ատում էին Քլինթոնին»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ապրող հայերին, ապա Կիրո Մանոյանի ներկայացմամբ, ամերիկահայերն անտարբեր էին երկուսի նկատմամբ էլ:
«Բայց զգալի շրջանակներում կար դժգոհություն Քլինթոնից, այնքանով որ մարդիկ ուզում էին ընտրվի Թրամփը և դա ոչ միայն հայկական հարցի հետ կապված», -նշեց Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, առաջիկա չորս տարին գոնե տեղի հայերը պետք է փորձեն աշխատել նոր վարչակազմի հետ, հարաբերություններ հաստատել:
Հայաստանի հետ հարաբերությունների վրա ընտրությունների ելքը, Կիրո Մանոյանի կարծիքով, կարող է կախված լինել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և մյուս երկրների հետ ԱՄՆ հարաբերություններից:
«Եթե Ռուսաստանի-ԱՄՆ հարաբերությունները մեղմանան, ապա դա Հայաստանի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ», -նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական գործարար շրջանակների հետ Թրամփի մտերմությանը և դրա հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան հիմնահարցի վրա Մինսկի խմբի շրջանակներում, պարոն Մանոյանն ասաց. «Այնպես չէ, որ նախագահը միայնակ է որոշելու ամեն ինչ: Կա համակարգ և այդ համակարգը աշխատելու է նախանշված ուղենիշներով»:
Անդրադառնալով նախագահի պաշտոնում Թրամփի առաջին ուղերձին, Կիրո Մանոյանն ասաց, որ այն «չափված, ձևվված էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան