Սիրիահայերի խնդիրների լուծման համար ՄԱԿ-ի խողովակներով ՀՀ եկող ֆինանսական միջոցները նվազում են
Սիրիահայերի խնդիրների լուծման համար ՄԱԿ-ի խողովակներով Հայաստան եկող ֆինանսական միջոցները գնալով նվազում են, թեև՝ եվրոպական երկրների համար ավելի մեծ թվով քվոտաներ են հատկացվում: Այդ տեսանկյունից, իրոք, աշխատանքներ ունենք անելու,- «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» խորագրով քննարկմանն շժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին արևելքի երկրների վարչության պետ Լևոն Անտոնյանը:
Նա նշեց, որ դա երևի միջազգային միակ կառույցն է, որի միջոցով Հայաստանը կարողանում է ստանալ ֆինանսական միջոցներ և օգտագործել սիրիահայերի խնդիրների լուծման համար:
Լ. Անտոնյանը գումարների հատկացման նվազեցումը պայմանավորում է նրանով, որ մեծ գումարներ են ծախսվում եվրոպական երկրներ գնացող փախստականներին պահելու համար:
«Մենք ՄԱԿ-ին, միջազգային այլ կազմակերպությունների հորդորում էինք, որ ավելի լավ է սիրիահայերը գան Հայաստան, հակառակ դեպքում գնալու են Եվրոպա և Եվրոպայի վրա է ծանրաբեռնվածությունը լինելու, մինչդեռ Հայաստանում ավելի պարզ ընթացակարգերով նրանց հասանելի կլինի այն ամենը, ինչ Հայաստանի քաղաքացիներին»,- նշեց Լ. Անտոնյանը:
Միաժամանակ նա հավելեց, որ Հայաստանն իր բնակչության թվաքանակի համեմատ սիրիահայերի ընդունման ցուցանիշով (20 հազարից ավելի) երկրորդ տեղում է: Համեմատության համար նշեց, որ Գերմանիան իր հզոր տնտեսությամբ ընդունել է 600 հազար սիրիացի փախստական:
Հարակից հրապարակումներ`
- Արաբագետի դիտարկումները՝ սիրիահայ համայնքի հեռանկարների հետ կապված
- Հակոբ Ավետիքյան. «Հարկային մարմինների ներկայացուցիչները հաճախ ստուգում են սիրիահայերի գործերը շահադիտական նպատակներով»
- ՍԴՀԿ և ՌԱԿ. Հալեպի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը պահանջում է ողջ հայության համախմբում
- Պետք է սիրիահային Հայաստանում պահելու հստակ ծրագիր լինի. Նարեկ Գալստյան