Պետք է սիրիահային Հայաստանում պահելու հստակ ծրագիր լինի. Նարեկ Գալստյան
«Հստակ է, որ սիրիահայությունը մեր ժողովրդի վիրավոր հատվածն է, վիրավոր համայնք է: Մենք գործնական քայլերի կարիք ունենք՝ նախ և առաջ այդ մարդկանց Հայաստանում պահելու համար: Պետք է լինի այդ մարդկանց Հայաստան պահելու հստակ ծրագիր»,- «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» խորագրով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:
Նրա խոսքով՝ սիրիահայ համայնքը խորհրդային տարիներին, անկախության տարիներին հսկայական օգնություն է ցուցաբերել Հայաստանին, հիմա իրենք օգնության կարիք ունենք:
«Ինչ-որ քայլեր արվում են, բայց բավարար չեն»,- ընդգծեց նա:
ՍԴՀԿ ատենապետը նշեց, որ այսօր կա այդ մարդկանց բիզնեսի ապահովման խնդիր:
«Հայաստանը լուրջ գործառույթներ ունի անելու, օրինակ՝ հարկային արտոնություններ տալ: Պետք է մեխանիզմներ մշակել: Մարդիկ բողոքում են, թե ինչպես Հայաստանի գալուց հետո հենց որևէ գործ են սկսում՝ չտիրապետելով, չհասկանալով իրավիճակը, հարկայինը գալիս ու տուգանում է մի քանի հարյուր հազար դրամով: Հարված է այդ մարդկանց: Պետք է հիշել, որ նրանք փախել են Հայաստան»,- ասաց Ն. Գալստյանը:
Նա նշեց, որ արտաքին գործերի նախարարության, ԱԳ նախարարի մակարդակով որևէ հայտարություն չեն լսել սիրիահայերի խնդրի հետ կապված: Բացի այս, որպես խնդիր, նշեց. «Մի քիչ վստահելի չեն այն նյութական կարողությունների հավաքումները, որոնք ուղղված են հալեպահայ համայնքին: Արդյո՞ք դրանք հասնում են Հալեպ»:
Ինչ վերաբերում է պնդումներին՝ անպայման պահել սիրիահայ համայնքը, Նարեկ Գալստյանն ասաց. «Հասկանում եմ այն մարդկանց, քաղաքական կազակերպությունների կարծիքը, ովքեր ցանկանում են, որպեսզի Մերձավոր Արևելքում հայկական համայնքը մնա: Ես ինքս և Հնչակյան կուսակցությունը մեծ ցանկություն ունի, որպեսզի Սիրիայում, Մերձավոր Արևելքում հայկական գործոնը շարունակի լինել դոմինանտ, որն ուղղակիորեն կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության, հայկական աշխարհի կայացվածության առումով: Բայց այսօր սիրիական համայնքն իր գողգողթն է ապրում, մարդիկ ուղղակի զոհվում են: Պետք է հասկանանք, թե որն է մեր գերխնիրդը՝ թողնել մարդկանց, որպեսզի զոհվեն՝ պահպանելու համար մի բան, որը վերջիվերջո, կարծում եմ, չի պահպանվելու այս պատերազմի ընթացքում, թե իսկապես փորձենք կենտրոնացել մեր ուժերը հայկական համայնքը հնարավորինս անվնաս պահելու, դեպի հայրենիք բերելու առումով: Այն հայը, ով ցանկանում է գալ Հայաստան, պետք է գա, ոչ մի արհեստական խոչընդոտ չպետք է լինի»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ
- Յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու. Սերժ Սարգսյան
- Հալեպահայ. Մեր պատկերացրածը ներգաղթի մշակույթ ստեղծելն էր
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
- Շատ թանկ կնստի սփյուռքի վրա սիրիահայ համայնքի կորուստը. Ա.Նավասարդյան
- 21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի