Գրելուն խոչընդոտելը դանդաղեցնում է մտածելու և երևակայելու գործընթացը. գրաֆիկի առաջարկները
Մասնագիտությամբ գրաֆիկ Ռուբեն Մալայանն արդեն ութ տարի զբաղվում է նաև գեղագրությամբ: Ավելի լուրջ սկսել է ուսումնասիրությունը 2011-ին, երբ առաջարկություն էր ստացել «Աշխարհի գեղագրության հանրագիտարանի» (The World Encyclopedia of Calligraphy, Sterling Publishing, 2011) հայկական մասն անել:
«Գեղեցիկ գրելն արվեստ է, ես դրանում կասկած չունեմ: Թերևս հայկական գրի հետ կապված մեր ներկայիս խնդիրները պայմանավորված են նրանով, որ մենք չենք հիմնվում մեր դարերով վաստակած ժառանգության վրա: Ես խորին մի համոզմունք ունեմ` մեր տառերը նախատեսված չեն պարզապես գրավոր բառերով հաղորդակցվելու համար: Ինձ հետաքրքրում է մեր այբուբենի էմոցիոնալ դաշտը, ինչպես նաև իր ներքին կապը թվաբանության հետ» - Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մալայանը:
Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում նա դասախոսություններով է հանդես գալիս՝ ներկայացնելով և քննարկելով այն հարցերը, որոնք ինքն է փորձել հասկանալ իր աշխատանքի ընթացքում:
«Տեղեկատվական տեխնոլոգիայի այս հզոր դարաշրջանում, երեխաները գրիչը բռնում են ինչպես պատահում է ու գրում են այնպես, ինպես ցանկանում են: Եթե շատ երկրներում համակարգիչները գործածությունից դուրս են մղում դասագրքերը, իսկ այփադները՝ տետրերը, անշուշտ, տպավորությունն այնպիսին է, որ աշակերտը լրիվ կարող է բավարարվել տպատառերով, և յուրաքանչյուրի մոտ հաստատ հարց կծագի, թե ինչո՞ւ է պետք գեղագրության ավանդույթների վերականգնումը, չէ՞ որ դա նախորդ դարերում էր արդիական ու անհրաժեշտ:
Պետք է գիտակցել որ գրելուն խոչընդոտելը սահմանափակում է ոչ միայն ձեռքի մկանների շարժումները, այլև դանդաղեցնում է մտածելու և երևակայելու գործընթացը: Գեղագրության կանոնավոր դասընթացները զարգացնում են սուր տեսողություն և կենտրոնանալու ու տրամաբանելու ունակություն: Եվ վերջապես, այդ բոլոր գործոններն իրենց հերթին նպաստում են գեղարվեստական մտածողության և երևակայության զարգացմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ փորձում է որոշակի քննարկումներ սկսել այդ թեմայի շուրջ:
Ռ. Մալայանի խոսքով՝ մեսրոպյան այբուբենի մասին շատ մակերասային գիտելիքներ ունեն մարդիկ, սակայն այն շատ խորը նյութ է, պետք է քննարկվի, ուսումնասիրվի. «Իմ նպատակն է՝ բարձրաձայնելով այդ մասին՝ ուսանողները սկսեն նյութեր փնտրել ու բացահայտումներ անել»:
Նա նաև նշեց, որ դասախոսությունների միջոցով ցանկանում է հետաքրքրություն առաջացնել ուսանողների շրջանում դեպի գեղագրությունը: Ռ. Մալայանի գերագույն նպատակն է՝ գեղագրությունը որպես առարկա վերադարձնել կրթական համակարգ, ինչը, նրա կարծիքով, այսօրվա պայմաններում շատ կարևոր է: Միաժամանակ նա նշեց, որ դասախոսությունների միջոցով նախ կփորձի հետաքրքրությունը մեծացնել, ինչը հետևաբար կբերի նաև արդյունք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան