Շիրխանյանը պետք է հրապարակեր՝ ում կողմից և ինչու է իր նկատմամբ հետապնդում իրականացվում. Փաստաբան
ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում լրագրողներին այսօր տհաճ անակնկալ էր սպասում. ծրագրված էր, որ 10 լրագրող պետք է հանդիպում ունենային վնասազերծված զինված խմբի գործով կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, սակայն հանդիպումը չկայացավ:
ՔԿՀ հերթապահ կապիտանը չընդունեց լրագրողների դիմումները, որտեղ նշված չէր ՔԿՀ պետի կոչումը և առաջարկեց գրել մեկ այլ դիմում, որտեղ կգրվի ՔԿՀ պետ Վ. Պապոյանի կոչումը և Շիրխանյանի հետ տեսակցելու թույլտվություն խնդրող լրագրողների քանակը: Լրագրողներն այդպես էլ արեցին՝ նշելով, որ 10 լրագրողներ ցանկանում են հանդիպել Վահան Շիրխանյանի հետ:
Մեկ ժամ սպասեցնելուց հետո ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետը մերժեց լրագրողներին՝ վկայակոչելով կառավարության համապատասխան որոշումը, որի համաձայն «կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս անձ»:
Այնուհետև լրագրողները վարվեցին այնպես, ինչպես պահանջում էր վերոնշյալ կարգը. երկրորդ անգամ դիմում գրեցին՝ խնդրելով երեք լրագրողի հանդիպել Շիրխանյանի հետ:
Սակայն այս դեպքում էլ դարձյալ մեկ ժամ սպասեցնելուց հետո ԱՆ ՔԿՀ պետը մերժեց՝ այս անգամ պատճառաբանելով քրեակատարողական հիմնարկի ծանրաբեռնվածությունը:
Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը, որը լրագրողների հետ միասին սպասում էր հնարավոր հանդիպմանը, ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմին միջնորդել էր՝ խնդրելով օր ու ժամ սահմանել, որպեսզի լրագրողները հանդիպեն պարոն Շիրխանյանին: Սակայն, նրա խոսքով, ԱՆ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դա թողել է Շիրխանյանի հայեցողությանը՝ չառարկելով լրագրողների հետ նրա հանդիպմանը:
«Մերժման որոշումը աճպարարություն է: Այսպիսի լուրջ հիմնարկին սազական պատասխան չէ: Սրա միակ նպատակն այն է, որ խոչճընդոտներ ստեղծվեն լրագրողների հետ Շիրխանյանի հանդիպմանը», -հայտարարեց Ալումյանը:
Նրա ներկայացմամբ, Վահան Շիրխանյանը զինված խմբի գործի վերաբերյալ ցանկանում էր մի քանի մանրամասներ հայտնել՝ իր դիրքորոշման հետ կապված:
«Նա նաև ցանկանում էր որոշ հանգամանքներ ասել, թե ինչու է իր նկատմամբ ապօրինի հետապնդում իրականացվում ում կողմից է հրահրված և ինչու», -ներկայացրեց փաստաբանը:
Ալումյանը նաև ասաց, որ Շիրխանյանի առողջական վիճակը շատ ծանր է, դժվարությամբ է իր խցից հասնում տեսակցության սենյակ:
Նշենք, որ զինված խմբի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ դատավորի վարույթում է քրեական գործը և չի նշանակվել դատաքննության օրը:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողներին թույլ չտվեցին մտնել ՔԿՀ շենք
- ՔԿՀ վարչությունը չի առարկել, և Շիրխանյանը կալանավայրից ասուլիս կտա
- Վահան Շիրխանյանն այժմ պատանդի կարգավիճակում է. Փաստաբան