ԳԱԿ-ում բացվելու է «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր բացվելու է «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոնից:
Գրիգոր Խանջյանի (1926-2000 թթ.) անունը սերտորեն կապված է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ, որտեղ գտնվում է վարպետի հայտնի մոնումենտալ որմնանկարը: Ցուցադրությունում ընդգրկված են Խանջյանի չցուցադրված էսքիզները ընտանեկան և մասնավոր հավաքածուներից, որոնք ներկայացնում են նրա ստեղծագործության երեք կարևոր ոլորտները՝ գրքի ձևավորում և նկարազարդում, ինտերիերների (հիմնականում՝ եկեղեցական) դիզայն, ինչպես նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գտնվող մոնումենտալ եռամաս որմնանկարը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նպատակն է ներկայացնելու Խանջյանի գեղարվեստական ժառանգության կարևոր շերտերը, որոնց մի մասը հայտնի չէ հանրության լայն շրջանակներին: Հիմնականում գրաֆիկական էսքիզներից բաղկացած «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը բացահայտում է արվեստագետի հանրահայտ կոթողային գործերի ստեղծման պատմությունը: Խանջյանը դարձավ ազգային պատումի, ազգային-ազգագրական նոր պատկերագրության և էթնո-մոդեռն ուղղության կերտողներից մեկն ու առաջատարը խորհրդահայ կերպարվեստում:
«Այս ցուցադրությունը նոր առիթ է հանդիսանում անդրադառնալու մեծ արվեստագետ և հայրենասեր Գրիգոր Խանջյանի դերին և ներդրմանը հայրենիքի մշակութային կյանքում: Ինչպես ոչ վաղ անցյալում, այսօր ևս իր արվեստով Գրիգոր Խանջյանը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը ներկա և գալիք հայ սերունդների համար»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրությունը գործելու է 2016 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2017 թվականի փետրվարի 19-ը: Հանրային բացումը կլինի նոյեմբերի 11-ին է, մուտքն անվճար է:
Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին Երևանում։ 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ։ 1951թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հայկական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանը 1961թ. արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1963թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ։ 1963թ. ճանաչվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ։ 1967թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով։ Վաստակաշատ նկարիչը 1973թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975թ. Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982թ.-ին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983թ. արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։ Արվեստագետը մահացել է Երևանում 2000 թվականին: