Զինծառայողներին փոխհատուցումը ենթադրում է ապահովագրում, ոչ թե՝ բարեգործություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նոր համակարգի ներդրմանը, նշեց, որ դա ոչ թե բարեգործական, այլ ապահովագրական համակարգ է նախատեսվում ներդնել:
«Համակարգը վերաբերում է մարտական գործողությունների արդյունքում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ստացած անձանց լիարժեք և ամբողջական սոցիալական երաշխիքների կարգավորմանը: Կարծում եմ՝ ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարումներ, իսկ ամենակարևոր սկզբունքը, որը առաջարկվում է ներկայացված նախագծով՝ հնարավորինս լայն մասնակցության միջոցով ավելացնել այդ գումարները: Այսպիսով, համակարգային լուծում է տրվում զոհված կամ վիրավոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներին, բայց այդ, կարծում եմ, որ հասարակության կողմից ընդունելի մոտեցում է լինելու»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Հարցին, թե արդյոք դա սոցիալական բեռ չէ՞ ցածր աշխատավարձ ստացողի համար, նախարարը պատասխանեց. «Ինչը վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, այդ մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա, իսկ մնացած աշխատավարձերի միջակայքերում նախատեսված է վճարը 1000 դրամի չափով»:
Դիտարկմանը, թե քննարկվե՞լ է վճարի չափ սահմանել ըստ աշխատավարձերի, որպեսզի ցածր աշխատավարձ և 1,5 մլն դրամ աշխատավարձ ստացողը նույն գումարը չվճարեն, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ըստ էության, առաջարկությունը վերաբերում է համապատասխան վճարի սահմանմանը և ֆիքսված գումարին: Հաշվարկները կատարվել են դրա շրջանակներում, և ես կարծում եմ, որ այն մոտեցումները, որոնք Կառավարությունում քննարկվեցին, Ազգային ժողովում կքննարկվեն: Կարծում եմ՝ համակարգային լուծում տալը միանշանակ ճիշտ է»:
Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձերից ավելի շատ գումար պահելու հարցին, Արտեմ Ասատրյանն ասաց, որ դրանք մոտեցումներ են, որոնք ևս կարող են քննարկել:
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում հավանույան արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրեց նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, որոնք մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն կապահովի զինծառայողների ընտանիքներին հատուցվելիք գումարի տնօրինման թափանցիկությունը
- Կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նոր համակարգ
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան