Սիբիրցի նկարիչն «ավարտել է» Լեոնարդո դա Վինչիի անավարտ կտավը
Նովոկուզնեցից նկարիչ Կոնստանտին Դվերինը նկարել է «Նվիրում Լեոնարդո դա Վինչիին» կտավը, որը դարձել է հեղինակի փորձը՝ ավարտել Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի նկարչի 1481 թվականի «Մոգերի երկրպագություն» աշխատանքը: Աշխատանքը ներկայացված է Նովոկուզնեցի արվեստի թանգարանում: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Կոնստանտին Դվերինի նկարը համարձակ գեղարվեստական գիտափորձ է՝ հեղինակի փորձն ավարտել դա Վինչիի աշխատանքը: Սկոպետոյի Սան Դոնատո վանքի վանականները 1481 թվականին պատվիրել էին այս նկարը Լեոնարդո դա Վինչիին, որը մնացել էր անավարտ, քանի որ մեկ տարի անց նա մեկնել էր Միլան: Պատվիրատուները անհանգստանալով, որ նա երկար ժամանակով կբացակայի, դիմել էին Ֆիլիպինո Լիպպիին, ում «Մոգերի երկրպագությունը» գտնվում է Ուֆիցիի թանգարանում»,- հայտնել են Նովոկուզնեցի արվեստի թանգարանից:
«Մոգերի երկրպագություն» կտավը բավականին անսովոր աշխատանք է, և, ըստ էության, իտալական գեղանկարչության մեջ համանմանը չկա:
Հետին պլանում ինչ-որ ավերված պալատ է (որոշ տվյալներով՝ հեթանոսական տաճարի), ձիավոր, կենտրոնում Մարիամ Աստավածածին է՝ մանուկ Հիսուսը գրկին, շրջապատված ուխտավորներով, ովքեր եկել են երկրպագելու: Աջ կողմում գտնվող երիտասարդը, ենթադրաբար, Լեոնարդո դա Վինչին է 29 տարեկանում:
Ռուս նկարչի խոսքով՝ նախքան կտավի իր տարբերակի ստեղծումը, երկար նախապատրաստական աշխատանքներ է կատարել՝ ուսումնասիրելով Լեոնարդո դա Վինչիի կյանքն ու գործունեությունը, գեղարվեստական տեխնիկան:
«Հասկանալի է, որ դա տադանդավոր մարդու փայլուն գաղափարն է, իսկ ես մտածեցի՝ ինչ-որ մեկը փորձե՞լ է ոչ թե ավարտի, այլ զարգացնի, շարունակի գաղափարը: 540 տարվա ընթացքում ոչ մեկը չի փորձել այս թեմայով որևէ բան ասել: Եվ այդ ժամանակ ես մտածեցի, իսկ ի՞նչն է ինձ խանգարում… Հիմնականում որևէ բան չէր խանգարում, բացի, իհարկե, այդ անվան մեծությունից: Հավաքեցի հանդգնություն, քաջություն և փորձեցի դա անել: Չորս ամիս եմ աշխատել»,- ասել է նա:
Ձգտելով չխախտել կոմպոզիցիոն կառուցվածքը՝ Դվերինը նկարում մտցրել է իր, բավականին հետաքրքիր լրացումները. բեթղեհեմյան աստղի արտացոլանքը, Ռաֆայելի, Միքելանջելոյի, Բոտիչելիի, իսկ առաջին պլանում դա Վինչիի կերպարները:
Հետևելով Վերածննդի դարաշրջանի նկարիչների ավանդույթներին՝ պատկերել իրեն և իր շրջապատի մարդկանց, ռուս նկարիչը նույնպես իր ընկերների և ծանոթների կերպարներ է ներառել իր կտավում: