Անհարկի արտոնություններ պետք չեն ներառականության մեջ. Արմեն Ալավերդյան
2014-ից «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն իրականացանում է բարձրագույն կրթություն բոլորի համար ծրագիրը, որի այս տարվա փուլը վերաբերում է ներառականության չափորոշիչների մշակմանն ու հաստատմանը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ: Այսօր ԵԱՀԿ կողմից աջակցություն ստացած Հայաստանում բարձրագույն կրթության ներառականության և մատչելիության չափանիշների, դրույթների և ուղենիշների մասին կլոր-սեղան քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Նա նշեց, որ աշխատել են տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագիտական խմբի հետ և հույս ունեն, որ մյուս տարվանից կանցնեն ավելի պրակտիկ քայլերի:
«Բուհերում ներառական կրթություն ապահովելու համար պետք է ճանապարահային քարտեզ կամ գործողությունների պլան մշակենք՝ հստակ ժամանակացույցով: Բնականաբար դրանք ժամանակատար, ծախսատար են, բայց լուծելի են, դրա մասին է վկայում Ամերիկյան համալսարանի փորձը, այն մեր բուհերից միակն է, որ հարմարեցված և մատչելի է հաշմանդամություն ունեցող ուսանողների համար»:
Ալավերդյանն ասաց, որ շենքային պայմաններից բացի՝ ներառականության համար շատ կարևոր է ծրագրային և ակադեմիական ուսուցման մշակումը. «Խոսքը գնում է ազնիվ ակադեմիական լուծումների մասին. այսինքն՝ չտալ անհարկի արտոնություններ, այլ ուղղակի ապահովել ճիշտ պայմաններ»:
«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանի բուհերում բոլոր ուսանողների մեջ հաշմանդամություն ունեցող ուսանողները կազմում են մոտավորապես կես տոկոս. «Հաշվի առնելով նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը, եթե Հայաստանի ամբողջ բնակչության 6,7 տոկոսը հաշմանդամություն ունի, ապա շատ տարօրինակ ու ցավալի թիվ է այդ կես տոկոսը: Դա նշանակում է, որ ինտելեկտուալ պոտենցիալը հաշմանդամություն ունեցող երիտասարդների չենք օգտագործում»:
Քննարկմանը ներկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դեյվիդ Գուլետը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք երկարատև և հաջող համագործակցության փորձ ունեն «Ունիսոն» ՀԿ-ի հետ:
«Այժմ էլ շարունակելու ենք աջակցել Հայաստանի բուհերում ներառականության ապահովման ծրագրին: Դրան հասնելու համար անհրաժեշտ է բոլորի ներգրավվածությունն ու կամքը: Կարող է մտահոգություններ լինեն կապված ծախսերի և թանկարժեքության հետ, սակայն դա երկրորդական է, եթե հաշվի առնենք այն, որ կկարողանանք դրանով բացահայտել մարդկանց չիրացված ներուժը»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի մասնագետ Հայկ Մկրտչյանի խոսքով էլ բուհերում ունեցած հիմնական խնդիրը համապատասխան շենքային պայմանների բացակայության հետ է կապված. «Մատչելիության խնդիրը շատ սուր է դրված: Ներառական կրթության բուն կազմակերպումն անհնարին է, եթե այդ շենքային պայմանները չկան: Կառավարությանն ենք ներկայացվել այն նվազագույն չափորոշիչները, որոնք պետք է հիմնվեն բուհերում՝ ներառականություն ապահովելու համար: Տեսնենք՝ համապատասխան քայլերը երբ կմշակվեն, քանի որ դրանք ֆինանսական միջոցներ են պահանջում»:
Հարակից հրապարակումներ`
- Ընդամենը մեկ տոկոս են կազմում հաշմանդամություն ունեցող ուսանողները. Ա. Ալավերդյան
- Ներառականություն է նաև սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հանրակրթական դպրոցներում. նախարար
- Երեխաների ներառականությունը մեխանիկորեն չպետք է անել. Բաբլոյան
- Ներառական, որակյալ կրթություն՝ բոլոր երեխաների համար
- Կարևոր է, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից. նախարար
- Հավանություն է տրվել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները