«Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները
Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում անցկացվել է հոկտեմբեր ամսին մեկնարկած «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016» մրցույթի մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում են քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, ողջունելով հյուրերին ու մասնակիցներին, նշել է, որ նման մրցույթները հնարավորություն են տալիս Հայաստանի և սփյուռքի ճարտարապետներին ու ճարտարագետներին միավորվելու և մեր ազգային ճարտարապետությունը մեկ հարկի տակ ներկայացնելու:
«Հայտնի է, որ հայ մասնագետները մշտապես շատ կարևոր դեր են ունեցել համաշխարհային ճարտարապետության մեջ»,- ասել է նա Տեր-Մինասյանը:
Մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016»-ի մասնակիցների գործերը և քննարկումների արդյունքում տարբեր անվանակարգերում ընտրել հաղթողներ:
Անվանակարգեր էին` երիտասարդ մասնակից, լավագույն ինտերիեր, պատմամշակութային հուշարձանների վերականգնում, լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն), ճարտարապետական փոքր ձև, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն:
Մրցույթին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակներ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ Հայաստանից, Արցախից, ՌԴ-ից, Թուրքիայից, Իտալիայից, Քաթարից, Լիբանանից:
Գլխավոր մրցանակի` համահայկական ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսի դափնեկրի` 1-ին կարգի դիպլոմի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ոսկե մեդալի է արժանացել Թուրքիան ներկայացնող ճարտարապետ Էլմոն Հանճեր Քարսարվանեան:
Որոշ մասնակիցների «Արշիր Գորկի» ոսկե մեդալներ, պատվոգրեր, և շնորհակալագրեր են հանձնվել ՀՀ սփյուռքի նախարարիության կողմից:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, հորդորել է լինել ավելի ակտիվ՝ նմանատիպ ցուցահանդեսների մասնակցելու առումով: Նա նշել է, որ այդ մրցույթները հնարավորություն են ստեղծում առաջ շարժվել և դրանք ուղղակի անհրաժեշտ են: