Ծաղկաձորում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը
Ծաղկաձորում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, առաջնությանը մասնակցում են 400 գիտակ՝ աշխարհի 23 երկրներից: Այսօր տեղի կունենա խաղի նախընտրական փուլը՝15 հարցով: Միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո:
Առաջնությանը մասնակցում են հայտնի գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլ հայտնի գիտակներ:
Հայաստանն առաջնությանը ներկայացված է հինգ թիմերով:
Առաջնության բացման արարողությանը ներկա էր նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես խաղի մեծ երկրպագու եմ ու թեև անձամբ չեմ ճանաչում դահլիճում գտնվող գիտակներին, բայց բազմիցս հետևել եմ նրանց խաղին։ Խաղը մեծ ճանաչում ունի Հայաստանում: Շնորհակալություն գիտակներին, որ իրենց խաղով օրինակ են ծառայում երիտասարդների համար։ Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունեմ ձեզ մեր երկրի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Ծաղկաձորում։ Հույս ունեմ, որ դուք ոչ միայն կխաղաք, այլ նաև կծանոթանանք մեր երկրի հետ, Հայաստանի պատմության և մշակույթի հետ, և եթե Հայաստանը ձեզ դուր գա, մենք հաճույքով այստեղ կանցկացենք նաև 15-րդ և 16-րդ առաջնությունները»,-ողջույնի խոսքում ասաց ՀՀ նախագահը:
Առաջնության գործընկերներն են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհային ծրագիրը, «Հայաստանի երիտասարդական» հիմնադրամը, «Ռոսատոմը», «Ռուսական աշխարհ» հիմնադրամը, «Ռոսգոստրախ-Հայաստանը» և ««Ոսկեվազ» գինու գործարանը: Առաջնության տեղեկատվական աջակիցն է «Պանարմենիան Մեդիա գրուպ» ընկերությունը:
Խաղին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան