Արթուր Պետրոսյան. «0:2 հաշիվը մեզ ուժ տվեց»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին լրագրողները դիմավորեցին ծափողջյուններով: Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ 3:2 հաշվով տոնած կամային հաղթանակից հետո հուզված էր, երջանիկ: Խոստացել էր երկրպագուներին նվեր մատուցել, բերել մարզադաշտ, ստացվեց: Եվ երևի թե հենց այդ հավատն էր, որ ընդմիջման ժամանակ կարողացավ փոխանցել ֆուտբոլիստներին այն ժամանակ, երբ թիմը պարտվում էր 0:2 հաշվով:
«Հավատում էի, որ կհաղթենք: Ընդմիջման ժամանակ, երբ հաշվի մեջ զիջում էինք 0:2 հաշվով, տղաներին ասացի, որ ոչինչ կորած չէ: Հանդերձարանում հանգիստ մթնոլորտ էր: Փառք տղաներին, նրանք ամեն ինչ արեցին երկրպագուին ուրախացնելու համար: Նրանց պարզապես բացատրեցի, թե ինչը կարող ենք փոխել, ուղղել: Աղմկոտ ու գոռացող մարզիչ հանդերձարանում չկար: Ծայրահեղ ազգ ենք: Իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրեցին, թե ինչ պետք է լինի, որ ես հրաժարական տամ, իսկ հիմա արդեն խոսում ենք ուղեգիր նվաճելու մասին: Պետք է համեստ լինել ու աստիճանաբար գնալ առաջ»,- ասաց մարզիչը:
Գնահատելով խաղը` Արթուր Պետրոսյանը, բացառությամբ առաջին 10 րոպեների, նշեց, որ մնացած ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստների գործողություններից գոհ է:
«Հակառակորդին քիչ շանս տվեցինք: Կարգապահություն կար: Կորցնելու բան չունեինք: Այս խաղը, կարծում եմ, որոշիչ դեր կունենա, քանի որ 3 պարտությունից հետո, ամեն դեպքում, կաշկանդվածություն էր զգացվում: 0:2 հաշիվը մեզ ուժ տվեց, մեզ հավատ ներշնչեց և տղաները հերոսություն արեցին: Սա միայն Արթուր Պետրոսյանի հաղթանակը չէ, սա բոլորի հաղթանակն է»,- նշեց նա:
Խոսելով առանձին ֆուտբոլիստների մասին` գլխավոր մարզիչը շեշտեց, որ հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանի դիրքափոխությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մարկոսը փոքր-ինչ հոգնել էր: Գևորգ Ղազարյանը նահանջել էր այն պարզ պատճառով, որպեսզի թիմն ավելի շատ առաջ գնար, իսկ դարպասապահ Արսեն Բեգլարյանի` որոշ դեպքերում ռիսկային գործողությունները մարզիչը բացատրեց փորձի պակասով, գոլի հեղինակ դարձած Արտակ Գրիգորյանն իր աշխատասաիրությամբ վարակեց մյուսներին և գոլի պահին ամեն ինչ իր վրա վերցրեց:
Վերջում գլխավոր մարզիչը շեշտեց, որ մշտապես պատրաստ է հասանելի լինել լրագրողների համար, և ամեն տեսակի քննադատություններին նորմալ է վերաբերվում: Միևնույն ժամանակ` Արթուր Պետրոսյանը շեշտեց, որ գոհ է հավաքականի շուրջ ստեղծված մթնոլորտից և հավատում է, որ թիմը քայլ առ քայլ կշարժվի առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան