Հայաստանի Մ19 հավաքականը զիջեց Իտալիայի ընտրանուն
Երևանի «Բանանց» մարզադաշտում ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իտալիայի իր հասակակիցների թիմի դեմ:
13-րդ րոպեին իտալացիներին հաշվի մեջ առաջ մղեց Պատրի Կուտրոնեն: Մինչև 81-րդ րոպեն մեր հավաքականը պարտվում էր 1:0 հաշվով, սակայն Էրիկ Պետրոսյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Բայց 90-րդ րոպեին, վաստակելով 11 մետրանոցի իրավունք, իտալացիները վերականգնեցին իրենց առավելությունը և կարողացան հաղթանակ տոնել այս խաղում: Սա Իտալիայի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր, իսկ Հայաստանի հավաքականի` երկրորդ անընդմեջ պարտությունը:
Հավելենք, որ հաջորդ խաղում Արամ Ոսկանյանի թիմի մրցակիցը Հունգարիայի ընտրանին է: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին: