Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները բոյկոտել են Աթաթուրքի մասին դասախոսությունը
Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի հայ ուսանողները բոյկոտել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին դասախոսությունը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դասախոսությունը անցկացվելու էր նոյեմբերի 9-13-ը` «Աթաթուրքի շաբաթվան» նվիրված միջոցառումների շրջանակներում:
Այն պահին, երբ պրոֆ. Ջորջ Գաուրիչը սկսել է դասախոսությունը, ուսանողները ոտքի են կանգնել և մեջքով շրջվել: Այնուհետև ուսանողները սկսել են վանկարկել «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության համար», «Դուք հերքում եք ցեղասպանությունը»: Արդյունքում ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դասախոսը լքել է լսարանը. դասախոսությունը չի կայացել:
«Մեր ուղերձը հետևյալն էր` դադարեցրեք միլիոնավոր կյանքեր խլած ցեղասպանության ժխտումը: Այս մարդը եկել է այստեղ և պնդում է, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել, ինչը կատարյալ աբսուրդ է»,- նշել է ուսանողներից մեկը` Էրիկ Բադիվյանը: