ԱԺ-ն 2 մլն-ից ավելի գումար է հավաքել վիրավոր զինծառայողների ու զոհվածների հարազատների համար
Զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և վիրավորված զինծառայողներին աջակցության հիմնադրամը, որի ստեղծումը նախաձեռնել է Հայաստանի Ազգային ժողովը, արդեն իսկ հավաքել է 2.026.000 ՀՀ դրամ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, համատեղությամբ նաև հիմնադրամի տնօրեն Արսեն Բաբայանը:
Նա տեղեկացրեց, որ նման արդյունք արձանագրվել է նոյեմբերի առաջին օրերին, և նախաձեռնությանը միացել է ակնկալվող նվիրատուների գերակշիռ մեծամասնությունը։
Այս պահին հիմնադրամը, նրա խոսքով, ակտիվ աշխատում է կազմակերչական հարցերի վրա: Մասնավորապես, հիմնադրամի աշխատանքը առավել թափանցիկ դարձնելու համար ստեղծվում է կայք, որտեղ կներկայացվեն հավաքվող գումարների ծավալները, մասնակիցները, շահառուները և պարբերաբար կտեղադրվեն նորություններ: Իսկ հաջորդ շաբաթ սպասվում է հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստը:
«Գումարը գոյանում է կամավորությամբ աշխատավարձի 1 տոկոսի փոխանցմամբ», -տեղեկացրեց Արսեն Բաբայանը՝ ընդգծելով, որ որևէ աշխատողի չեն պարտադրում գումար փոխանցել հիմնադրամին, այլ դա արվում է զուտ կամավորությամբ:
Նրա խոսքով, հիմնադրամը կառավարվում է հասարակական հիմունքներով, և հիմնադրամում ստացված միջոցները չեն ծախսվում որևէ կերպ, քան շահառուների համար: