Հնդկաստանի հատուկ բանագնացը Հայատանում է
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարար, կառավարության հատուկ բանագնաց Շրի Աշոկ Գաջապաթի Ռաջուն Երևանում է: Նա այսօր առավոտյան հանդիպել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող բարեկամության, պետությունների միջև փոխըմբռնման վրա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն ընդգծել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումը։
Հանդիպմանը քննարկում է ծավալվել հայ-հնդկական երկկողմ փոխգործակցության օրակարգի, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվելառևտրատնտեսական, գիտակրթական, առողջապահության, տուրիզմի և մշակույթի, գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը:
Նախարարները քննարկել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցության հարցերը, Երևան - Նյու Դելի չվերթների վերագործարկման հնարավորությունը:
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքները և դրանց արդյունքում բանակցային գործընթացում ձևավորված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցությունների ճանապարհով կարգավորմանը:
Հնդկաստանի կառավարության հատուկ բանագնացն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը Հնդկաստանի համար զգայուն հարցերում: