Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ-ին երկիշխանություն չի սպառնում»
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում: Դեռ երկար տարիներ կուսակցությունը ղեկավարելու է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով նոյեմբերի 26-ին կուսակցության համագումարից հետո սպասվելիք փոփոխությունների մասին հարցին, մասնավորապես՝ հստակեցվե՞լ են ովքեր կընտրվեն ղեկավար կազմում, տեղեկություններ կան, որ հնարավոր է երկու ղեկավար լինի՝ խորհրդի և կուսակցության նախագահներ:
«Խորհրդի նախագահը մեզ մոտ միշտ եղել է կուսակցության նախագահի, կամ առաջին տեղակալը, կամ նման ֆունկցիա ունեցող անձնավորություն»,- ասաց նա:
Էդ.Շարմազանովը չի կարծում, որ ՀՀԿ նոյեմբերի 26-ին հրավիրվելիք համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը չի լինելու Սերժ Սարգսյանը:
«Մեր կուսակցության առաջնորդը դա մեր կուսակիցների ցանկությունն է: Մենք երկար ժամանակ աշխատելու ենք պարոն նախագահի ղեկավարությամբ»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է կանոնադրական փոփոխություններին, Էդ. Շարմազանովն ասաց, որ մինչև նոյեմբերի 26-ը ժամանակ կա, և կուսակցության տեղական, մարզային, շրջանային, նաև կուսակցության գործադիր մարմնի, խորհրդի անդամները կարող են կուսակցության ղեկավարությանը ներկայացնել առաջարկություններ, որոնք կքննարկվեն և համագումարի նախօրեին կներկայացվի գործադիր մարմնի վերջնական կարծիքը: