Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը նիստում չի քննարկվել. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում չի քննարկվել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը,- նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ ԳՄ նիստում քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԱՄԷ, նախագահը ներկայացել է այցի արդյունքները, որոնք բավականին դրական և խոստումնալից են տնտեսական հարաբերությունների զարգացման առումով, ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքների առաջին օրը, ինչպես նաև նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի կանոնադրական ծրագրային փոփոխությունները:
Խոսելով մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման նախագծի մասին, նա ասաց, որ բարձր են գնահատում այդ նախաձեռնությունը, որը միտված է քաղաքացիների շրջանում համերաշխություն քարոզելուն, ՀՀ անվտանգության բարձրացմանը, ազգ- բանակ կոնցեպտի զարգացմանը Նրա խոսքով՝ բարոյական, շատ կարևոր նախագիծ է, բոլորը պետք է մասնակցեն անվտանգության ամրապնդման այս գործին:
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ պետք է պայքարել ստվերի, կոռուպցիայի դեմ և այդպես ֆինանսական միջոցներ հավաքել, Էդ. Շարմազանովն ասաց, որ պետք է պայքարել ստվերի, կոռուպցիայի դեմ, անբարեխիղճ պաշտոնյաների, քաղաքացիների դեմ պետք է պայքարել, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա ազգային տուրքին:
«Մեր պաշտպանական ոլորտն այնքան կարիքներ ունի, որ, հավատացեք, այս ֆոնդի հավաքված գումարներն ավելորդ չեն լինի»,- նշեց նա:
Էդ. Շարմազանովն ասաց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այս նախաձեռնությունը ոչ թե իշխանության, նախ և առաջ ներքևից եկած, հասարակության լայն զանգվածներից եկած նախաձեռնություն է. «Մենք տեսանք այդ օրերին հայ ժողովուրդը իր վերջին լուման ներդրեց բանակի, զինվորների խնդիրների լուծման համար, զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների աջակցության համար»:
Էդ. Շարմազանովի խոսքով՝ քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քաղաքական իշխանությունը պետք է պատրաստ լինի բաց սցենարի:
«Մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության, սակայն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Բաքվից և Անկարայից հնչող ապակառուցողական հայտարարությունները, մենք դեռ երկար տարիներ պետք է մեր առանցքում ունենանք անվտանգության խնդիրների լուծումը: Այսօր առավել քան երբևէ Հայաստանին և Արցախին անհրաժեշտ է կոնսոլիդացի ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան