ՆԱՏՕ-ն Հայաստանի համար վստահելի գործընկեր է եղել. Մհեր Իսրայելյան
Հայաստանը շատ արդյունավետ համագործակցում է Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ 1990-ականներից: Դաշինքը Հայաստանի համար վստահելի գործընկեր է եղել,- Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ն ազդարարող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը տարբեր ուղղություններով է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, առանձնացրեց երեք հիմնական ուղղություն: Մ. Իսրայելյանի խոսքով՝ ռազմական համագործակցության շրջանակում Հայաստանը մասնակցում է խաղաղարար գործողություններին Կոսովոյում և Աֆղանստանում:
«Ռազմական համագործակցության շրջանակներում մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, վարժանքներին, դասընթացներին, իրականացնում ենք օպերատիվ կարողությունների հայեցակարգի գնահատում, այսինքն ստուգում ենք մեր մարտական պատրաստականության մակարդակը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ համագործակցելու պատրաստակամությունը»,- ասաց նա:
Որպես համագործակցության երկրորդ ուղղությունը ՊՆ ներկայացուցիչը նշեց պաշտպանական բարեփոխումները. «ՆԱՏՕ-ն մեր պաշտպանական քաղաքականության շրջանակներում կարևոր գործընկեր և խորհրդատու է՝ ծրագրերն իրականացնելու հարցերում»:
Երրորդ ուղղությունը վերաբերում է պաշտպանական կրթությունը. ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը տարեկան մի քանի անգամ այցելում է Հայաստան, խորհրդատվության է տրամադրում պաշտպանական կրթության ծրագրերն արդիականացնելու, ավելի ժամանակակից պաշտպանական կրթության համակարգ կառուցելու համար:
Մ. Իսրայելյանը տեղեկացրեց, որ «Վստահության հիմնադրամ» ծրագրի շրջանակներում առաջիկայում պատրաստվում են իրականացնել զրահապատ մեքենաների ոչնչացում, որոնք գործածությունից պետք է դուրս գան:
«Գերմանիան համաձայնել է ստանձնել այս ծրագրի առաջատարությունը և մի քանի օր առաջ Բրյուսելում հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Գերմանիան ծրագրի իրականացման համար 1 միլիոն եվրո է տրամադրելու»,- ասաց նա:
«Վստահության հիմնադրամ» ծրագրի բաղացուցիչ մասն է նաև, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալի խոսքով, ականների վերաբերյալ կրթական որոշակի ծրագրերի իրականացնումը:
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ աշխատում են զինված ուժերում կանանց ներգրավվածությունը ընդգծելու
- Ծնողներին հակառակ՝ աղջիկներն ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ. Գնդապետ
- Ջեյմս Ապատուրայ. ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները բավականին վստահելի են և երկարաժամկետ
- ՀՀ-ում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը
- ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունն առ այսօր ուժեղ է եղել և շարունակելու է ամուր մնալ. Ուիլյամ Լահյու