Համերգը մեր քարոզչական բաղադրիչի անբաժան մասն է.. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, թե բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 50 մլն դրամ հատկացնել հունվարի 28-ին կազմակերպվելիք համերգի համար, նշեց, որ այդ հրապարակման տվյալները վերաբերվել են 2016 թ-ի հունվարի 28-ին կազմակերպված համերգին: Այսինքն՝ խոսքը 10 ամիս առաջ արդեն կազմակերպված համերգի մասին է եղել:
«Ցավոք սրտի, դա մեր թղթակիցների ոչ լիարժեք ինֆորմացիային տիրապետելու արդյունք է: Այս դեպքում խոսքը վերաբերել է 2016 թվականին կազմակերպված համերգին»,- ասաց նա՝ Ազգային ժողովում պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին։
Վիգեն Սարգսյանը նշեց, որ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հայաստանի ԶՈՒ 25-ամյակի կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը համերգ կազմակերպելու է: «Համերգ անելու ենք, ձեզ էլ հրավիրելու ենք, միասին նշելու ենք, որովհետև դա մեր քարոզչական բաղադրիչի անբաժան մասն է: Բայց դեռ չենք հայտարարել ոչ մրցույթ, ոչ հաղթողին ենք ճանաչել, ոչ էլ հետը պայմանագիր ենք կնքել»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան