Քարին Տակը մանկապարտեզ կունենա
Արցախի Քարին Տակ գյուղում (Շուշիի շրջան) կառուցվող մանկապարտեզը Հիմնադրամի կողմից համայնքում կյանքի կոչվող չորրորդ կարևորագույն ենթակառուցվածքն է: Նախորդ տարիներին այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն, խմելու ջրի նոր համակարգ, վերակառուցվել դպրոցի մարզադահլիճը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ մանկապարտեզը կառուցվում է արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի, հունահայ և կիպրահայ համայնքների, ինչպես նաև ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հունաստանի տեղական մարմնի այս տարվա դրամահավաք-հեռախոսամարաթոնը ևս կուղղվի մանկապարտեզի ֆինանսավորմանը:
Մանկապարտեզում նախադպրոցական կրթություն և խնամք կարող է ստանալ ավելի քան 50 երեխա: Շնորհիվ նորակառույց կաթսայատան և ջեռուցման համակարգի, խստաշունչ ձմռան ամիսներին ևս այստեղ հնարավոր կլինի հարմարավետ պայմաններ ապահովել: Խաղասարքերով կահավորված խաղահրապարակն էլ կծառայի մանուկների բացօթյա ժամանցին: Մանկապարտեզի շենքն արդեն կանգուն է, տանիքը՝ կառուցված: Շենքի արտաքին ու ներքին հարդարումը, կաթսայատան կառուցումն ու տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո, ամռանը, նորակառույցը դռները կբացի համայնքի 40 փոքրիկների առջև:
Քարին Տակն ունի շուրջ 650 բնակիչ, որոնց գերակշռող մասը երիտասարդներ են: Գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով՝գյուղում տարեցտարի ավելանում է ծնունդների թիվը, և այստեղ մանկապարտեզի խիստ կարիք կար: «Մեր գյուղացիներն ամուր կապված են իրենց հողին. նույնիսկ պատերազմի տարիներին, երբ գյուղն արկերի տակ էր, մերոնք չլքեցին իրենց տունը: Այսօր, համայնքում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի շնորհիվ քարինտակցիներն ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով և հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ» ,- ասում է գյուղապետը:
Շուշի քաղաքից 5կմ հեռավորության վրա գտնվող Քարին Տակ համայնքը հիմնադրվել է 18-րդ դարում: Այն արցախյան ազատամարտի ընթացքում մեծապես տուժած գյուղերից է: Ամեն տարի, հունվարի 26-ին, քարինտակցիները նշում են գյուղի հերոսամարտի ու հաղթանակի օրը: