«Առաջնագծում». Լուսանկարչական ցուցահանդես Շուշիում
Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է Արմեն Ենգոյանի հեղինակած «Առաջնագծում» լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Ձեռնարկը կյանքի է կոչվել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի և «Շուշիի թանգարաններ» ՊՈԱԿ-ի աջակցությամբ: Սա «Առաջնագծում» ֆոտոշարքի վաթսուն էսքիզների երկրորդ ցուցադրությունն է. առաջինը կայացել էր այս տարվա սեպտեմբերին Երևանում` Թեքեյան Կենտրոնում:
Շուշիում ցուցահանդեսի բացմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Շուշիի և Քաշաթաղի շրջվարչակազմերի ղեկավարներ, արվեստասերներ Շուշիից, Ստեփանակերտից ու Բերձորից, ինչպես նաև ուսանողներ, զինվորականներ:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամից մանրամասնում են, ցուցահանդեսը, որի կարգախոսն է «Մեր ապագան հուսալի ձեռքերում է», անդրադառնում է ապրիլյան հերոսամարտերին և իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի ապրելու և արարելու ցանկությունն ու ձգտումը: Հեղինակն իրականում սահմանագիծ մեկնել էր ոչ թե լուսանկարելու նպատակով, այլ որպես երկրապահ, կամավոր անդամագրվելով «Մերգելյան» ջոկատին: Հանդիպելով երիտասարդ հերոսներին, անտարբեր չի մնացել և փորձել է յուրովի մատուցել այդ օրերի փաստագրությունը, սահմանային կյանքը:
Նայելով առաջնագծում կանգնած զինվորների աչքերին, մտածում ես, թե ինչքան մեծ է հայ ժողովրդի հավատն առ Աստված և հասկանում, թե ինչ հայրենասեր սերունդ է դաստիարակվել անկախության 25 տարիների ընթացքում: Զինվորների հայացքներում տեսնում ես բարություն, ապագայի նկատմամբ հավատ ու հույսեր: Աստված պահապան հայ զինվորին ու մեր ժողովրդին:
«Առաջնագծում» ցուցահանդեսը Շուշիի արվեստի կենտրոնում բաց կլինի մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը:
Հայ լուսանկարիչ Արմեն Ենգոյանը ծնվել է Երևանում 1955թ-ին: Աշխատանքային առօրյա գործունեության ընթացքում զբաղվել է լուսանկարչությամբ: Իսկ վերջին տարիներին ամբողջովին իրեն նվիրել է սիրված աշխատանքին: 2012թ. ՀՀ Մշակույթի նախարարության «Իմ և մեր հաղթանակները» մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի: Արմեն Ենգոյանի լուսանկարները բազմիցս տպագրվել են հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում, թերթերում, ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հունգարիայում, ԱՄՆ-ում: