Հենրիխ Մխիթարյանը բացել է իր հաջողության գաղտնիքը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հենրիխ Մխիթարյանը բացել է իր հաջողության գաղտնիքը, ինչպես նաև ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոստովանել է, թե ինչպես է հաղթահարում դժվարին պահերը:
«Իմ հաջողության գաղտնիքն այն է, որ ես երբեք չեմ դադարում աշխատել: Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար»,- ասել է Մխիթարյանը։
Դանիայի հավաքականի դեմ խաղում (0:4) գոլերի քանակով հայ կիսապաշտպանը հավասարվեց Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին, ով այժմ գլխավորում է ազգային թիմը: Մխիթարյանն ուրախ է, որ կարողացել է գերազանցել մարզչի ռեկորդը:
«Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, ես ևս սիրում եմ գոլեր խփել, և ես շատ երջանիկ եմ, որ կարողացա գերազանցել մեր հավաքականի նոր գլխավոր մարզչին պատկանող ռեկորդը։ Այնքան էլ հեշտ չէ ազգային հավաքականի կազմում դառնալ շատ գոլերի հեղինակ, որովհետև դու հիմնականում խաղում ես շատ ուժեղ մրցակիցների դեմ, բայց ես միշտ փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ գոլ խփելու համար։
Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ»,- ասել է Հենրիխը:
Այն հարցին, թե Մխիթարյանն ինչպե՞ս է զգում, որ իր շնորհիվ Հայաստանն ամբողջ աշխարհին ճանաչելի է դարձնում, հայ ֆուտբոլիստը նշել է, որ միշտ անում է առավելագույնը՝ Հայաստանն աշխարհով մեկ հայտնի դարձնելու համար, որպեսզի մարդիկ իմանան նրա աշխարհագրական դիրքը և պատմությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան