Բանակը կարևոր է բոլորիս համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից ու գտնվելու վայրից. Վարդան Արամյան
«Գաղափարախոսությունը, որը դրված է նոր համակարգի մեջ, մի փոքր այլ է՝ ազգ-բանակ գաղափարախոսությունն է, և բանակի հետ կապված պատասխանատվությունը ընկած է բոլորիս վրա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների համար պետական ապահովագրական վճար տրամադրելու մասին նախագծին:
Նրա խոսքերով՝ ուզենք, թե չուզենք, այսօր մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, ուստի բոլորի պարտականությունն է, որպեսզի բանակն ունենա հենարան:
«Մեխանիզմը, որը դրված է այս ամենի հիմքում, ոչ այլ ինչ է, քան մաքուր ապահովագրություն: Ապահովագրությունն էլ իր մեջ ունի տրամաբանություն և փիլիսոփայություն, և եթե տրամաբանական մի քանի ցուցանիշները չես պահպանում, ապահովագրական համակարգը փլուզվում է»,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանի խոսքերով՝ ապահովագրական համակարգի առաջին կարևոր ցուցանիշը մուտքային մասերի կանխատեսելի լինելն է. «Երբ դու ապահովագրում ես ինչ-որ ռիսկ, իսկ ռիսկն այն է, որ Աստված մի արասցե, որևէ զինծառայող իր պարտականությունները կատարելու ժամանակ մահանա կամ դառնա հաշմանդամ, դա նշանակում է, որ իր ընտանիքը զրկվում է ապագա եկամուտներից, քանի որ նույն զինծառայողը պետք է ապահովեր իր ընտանիքի բարօրությունը: Այսինքն՝ պետք է լինի պահովագրական համակարգ, որն առաջիկա տարիներին, իսկ մենք ընտրել ենք 20 տարին, կարողանա կորցրած ապագայի եկամուտները փոխհատուցել»:
Նա նաև ասաց, որ այս հարցում ավելի շատ ակնկալում են այլ աղբյուրներից եկամուտներ, բայց այստեղ կա հոգեբանական մոտեցում, որ բանակը կարևոր է բոլորիս համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից ու գտնվելու վայրից:
«Եթե մտածենք այլ մեխանիզմներ, ապա դրանք ևս կքննարկենք»,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանը նշեց նաև, որ հաճախ իրեն ասում են՝ գնացեք, ստվերը բացահայտեք, ստվերից բերեք եկամուտներ:
«Միգուցե տրամաբանական է, բայց դա հստակ եկամուտներ չի կարող ապահովել: Հետևաբար, կվտանգվի այդ ամբողջ ապահովագրական համակարգը: Ամենակարևորն այստեղ այն է, որ այդ համակարգը ժողովրդի համար պետք է լինի տեսանելի, թափանցիկ, ընկալելի և շատ պարզ»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Վարդան Արամյանն ասաց, որ սոցիալական խնդիրները մշտապես եղել են և առաջիկա տարիներին կլինեն, քանի որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը դեռևս կազմում է 3500 դոլար: Նախարարն ընդունում է, որ կլինեն մարդիկ, որոնք կարող են դժվարանալ ամսական 1000 դրամ վճարել, բայց, ըստ Վարդան Արամյանի, բոլորը պետք է բանակի հանդեպ պատասխանատվություն զգան և այս հարցին պետք է նայել որպես ազգի քաղաքացի, ոչ թե՝ որպես եկամուտ ունեցող:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների ապահովագրական վճար տրամադրելու մասին նախագիծն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգ
- Զինծառայողներին փոխհատուցումը ենթադրում է ապահովագրում, ոչ թե՝ բարեգործություն
- ԿԲ-ն կապահովի զինծառայողների ընտանիքներին հատուցվելիք գումարի տնօրինման թափանցիկությունը
- Կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նոր համակարգ
- Վ. Սարգսյանը ՀՀ Նախագահին զեկուցել է զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագրի մեկնարկի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին