ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունն առ այսօր ուժեղ է եղել և շարունակելու է ամուր մնալ. Ուիլյամ Լահյու
«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում ուզում եմ ընդգծել գործընկերություն առանցքը: ՆԱՏՕ-ի և Հայաստանի համար գործընկերություն նշանակում է, որ աշխատում ենք այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն են ներկայացնում»,-Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկարկն ազդարարող ասուլիսում ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
Նրա խոսքով՝ բացի այն, որ ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն միասին իրականցնում են ծրագրեր, նաև փոխանցում են միմյանց հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ: Ուիլյամ Լահյուն նշեց, որ վերջերս հայկական պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են սիրիական ճգնաժամը՝ Հայաստանին հետաքրքրող խնդիրների ընդգրկմամբ:
«Հասկանում ենք՝ Հայաստանը լինելով համեմատաբար փոքր երկիր, սիրիացի փախստականների բավականին ստվար խումբ է ընդունել ՝ մոտ 20 հազար: Հիմա էլ պատերազմից տառապում են շատ հայեր Սիրիայում, նաև Հալեպում»,- նշեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Ու. Լահյուն ասաց, որ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը. «ՆԱՏՕ-ն, անշուշտ, հասկանում է Հայաստանի ժողովրդի վրա նմանօրինակ շարունակական հակամարտությունների թողած լուրջ ազդեցությունը: Թեև ՆԱՏՕ-ն ուղղակիորեն, ակտիվորեն ընդգրկված չէ հիշյալ հակամարտություններից ոչ մեկում, այնուհանդերձ ակտիվորեն մեր գործընկերների հետ միասին փորձում են քաղաքական օժանդակություն տրամարդել այն հաստատություններին, որոնք աշխատում են հանուն խաղաղության այս տարածաշրջանում»:
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի հետ աշխատում են տարբեր ծրագրերի շրջանակում՝ կոռուպցիայի դեմ պայքար, պաշտպանական ասպարեզում կրթական ծրագրերի թարմացում, համագործակցում են ՀՀ ԱԺ-ի հետ:
«Աշխատում ենք կոնֆլիկտների կանխարգելման ուղղությամբ, որտեղ Հայաստանը վստահելի և ուժեղ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար Կոսովոյում և Աֆղանստանում: Հայաստանի կողմից զինծառայողների և սպաների տրամադրումը հենց Հայաստանի նպաստն է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու համար»,- նշեց Ու. Լահյուն
Նրա խոսքով՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը, գործընկերությունն առ այսօր ուժեղ է եղել և շարունակելու է ամուր մնալ, քանի որ հիմնված է հենց ՀՀ հետաքրքրությունների, շահերի ընկալման վրա, կոչված է նպաստելու փոխադարձ ընկալմանն ու համագործակցությանը հետայսու տարածաշրջանում և աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան