Խաչատրյանի փառատոնի շրջանակներում հանդես է գալու կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը
Նոյեմբերի 17-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է գալու կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարելու է Ժան Ֆրանսեի Կլարնետի կոնցերտը, որն առաջին անգամ է հնչելու Հայաստանում։ Համերգային ծրագրում ներառված են նաև Ռոբերտ Շումանի, Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Դավիթ Գյուլամիրյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ 8-9 տարեկանում է առաջին անգամ ձեռքը վերցրել կլարնետն ու հասկացել է, որ այն իր գործիքն է։ Ասում է, որ կլարնետն ունի տեմբերային հարստություն, տեխնիկական լայն հնարավորություններ։
Դավիթ Գյուլամիրյանն առաջին անգամ է Խաչատրյանի փառատոնում հանդես գալիս որպես մենակատար, սակայն խաչատրյանական փառատոնին մասնակցում է հենց առաջին համերգից՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում։
Կլարնետահարն ընդգծում է, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել երաժշտական այս տոնին. «Դիտելով Խաչատրյանի փառատոնի պատմությունը և տեսնելով, թե ինչպիսի աշխարհահռչակ, առաջատար երաժիշտ-կատարողներ են մասնակցում, մեծ պատիվ է նրանց կողքին ելույթ ունենալը, նաև՝ պարտավորեցնող։ Տեսնում ես, որ քո աշխատանքը գնահատվում է, ինչը մոտիվացնում է հետագա գործունեության համար։ Մտածում ես, որ քո երկրում կարող ես քո սիրած աշխատանքով զբաղվել ու չմտածել դուրս գնալու մասին»։
Սովորաբար յուրաքանչյուր երաժիշտ ունենում է իր ամենահոգեհարազատ կոմպոզիտորին և ստեղծագործությունը։ Դավիթ Գյուլամիրյանը նշում է, որ շատ դժվար է առանձնացնել որևէ կոմպոզիտորի կամ ստեղծագործություն։ Այնուամենայնիվ, հիշատակում է Մոցարտի Կլարնետի կոնցերտը, որը կլարնետահարների այցեքարտն է, առանց որի նրան երկացանկը չի լրանա։ Մոցարտի կողքին կլարնետահարը նշում է նաև Բրամսի, Շպորի, Վեբերի անունները։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և կազմակերպվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ի կողմից՝ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան