Հատուկ աշխատում են զինված ուժերում կանանց ներգրավվածությունը ընդգծելու
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում կայացած «Կանայք զինված ուժերում» աշխատաժողովում կայացավ «Կինը և բանակը. մարտահրավերներ, հիմնախնդիրներ, հնարավորություններ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակներն են քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը: Գիրքը հայաստանյան իրականության մեջ առաջին համեմատաբար համալիր փորձն է՝ ուսումնասիրելու և բացահատելու աշխարհի և Հայաստանի զինված ուժերում կանանց ներգրավման և պետության պաշտպանության գործում կանանց մասնակցության հետ կապված արդի հիմնախնդիրները, հնարավորությունները:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասաց, որ երեք տարի աշխատում են ՊՆ հետ՝ քայլ առ քայլ շարժվելով դեպի այն գաղափարը, որ հատկապես զինվորական պաշտպանության համակարգում կանանց դերն ու մասնակցությունն ավելի ընդգծված և արդյունավետ լինի:
«Կանանց և տղամարդկանց հավասարության հետ կապված շատ աշխատանք արվել է, բայց, համոզված եմ, որ դեռ շատ բան ունենք անելու: Այս առումով պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շատ կարևոր է»,- նշեց նա:
Աշխատաժողովին ներկա Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն կարևորեց կանանց դերը զինված ուժերում, խաղաղության ձեռք բերման գործում հատկապես այն հասարակություններում, որոնք անցել են հակամարտությունների միջոցով:
«Աշխարհում չկան զինված ուժեր, որոնք կարող են անտեսել կանանց, հետևաբար ակտիվ աշխատում ենք՝ երաշխավորելու կանանց ներգրավածությունը մեր հաստատություններում, որպեսզի կարողանանք օգտագործել նրանց տաղանդը մեր հասարակությունների, երկրների բարելավման համար»,- նշեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: