Կապավոր Նինա Թորոսյան. «Մտածում են՝ կանանց տեղը մարտի դաշտում չէ»
Նինա Թորոսյանը սովորում է ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի երկրորդ կուրսում: Կապավոր է, մասնագիտության ամբողջ անվանումը՝ ռազմական կապի տեխնիկա կամ կապի միջոցների շահագործում: Նա ներկա էր «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում կայացած «Կանայք զինված ուժերում» աշխատաժողովին:
Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում էր դառնալ հետախույզ կամ դիպուկահար, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով չի կարողացել հենց այդ մասնագիտությունների գծով գնալ:
«Ինձ համար այդքան էլ կարևոր չէ մասնագիտությունը: Կարևորն այն է, որ ներկա լինեմ ռազմական ոլորտում և հասնեմ իմ նպատակներին: Իսկ նպատակս է՝ հասնեմ հաջողությունների ռազմական ոլորտում, ինչպես բարեկամներս են ասում՝ գոնե երեք աստղով քեզ տեսնենք,- նշեց Նինա Թորոսյանը:
Նինան նաև ցանկանում է բոլորին, հատկապես նրանց, ովքեր դեմ են կանանց ներկայությանը բանակում, իր հաջողություններով ցույց տալ, որ կինն ունի նույն իրավահավասարությունը, ինչ տղամարդը, նույնիսկ ինչ-որ տեղ նաև առավելություններ:
«Ինձ համար երկրորդային էր՝ ընտանիքս կթողներ, թե ոչ: Ես ընտրեցի այն, ինչ սիրում եմ: Ամեն միջոց գործի էի դնում ծնողներիս համոզելու համար: Եղբայրս մինչև հիմա դեմ է: Ծնողներս քիչ-քիչ ընտելացել են, որ համազգեստով եմ տանից դուրս գալիս, տուն մտնում: Ինչ-որ չափով նրանք արդեն համազգեստիս մեջ են իմ ապագան տեսնում: Այն ժամանակ ասում էին, որ ինչ-որ չափով դժվար է, բաց հիմա գիտակցում են, որ ցանկացած մասնագիտության և ցանկացած բնագավառում կարող են լինել դժվարություններ: Կարևորը՝ դժվարություններից դասեր քաղելն է, լավը վերցնելն է»,- ասաց ապագա կապավորը:
Դժվարությունների, իհարկե, հանդիպել է, բայց հիմա արդեն անցյալում են. «Քաղաքացիական կյանքից միանգամից անցնելը զինվորական կյանքին մի փոքր դժվար է: Եթե քաղաքացիական կյանքում կարող ես՝ երբ ուզես գնալ դասի, երբ ուզես՝ հաց ուտել, պառկել և հանսգատանալ, զինվորական կյանքում ամեն ինչ կանոնակարգված է, ամեն ինչ հստակ հրամաններով ենք անում, ամեն ինչ ունի ժամանակ: Սկզբում զգում էի գերհոգնածություն, լարվածություն, որոնք ժամանակի ընթացքում դարձել են սովորական: Հիմա եթե այդ ամեն ինչը չի լինում, անսովոր է, նաև հոգնեցուցիչ»:
Նինան ապրիլյան պատերազմից հետո ավելի է համոզվել, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել:
«Պատերազմում կորցրեցի շատ հարազատ ընկերոջ: Բայց իմ մասնագիտությունն ինձ էլ ավելի ոգևորեց, որ եթե մի օր, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ես կարող եմ իմ մի կապով, մի խոսքով կյանքեր փրկել»,- ասաց նա ու հիշեց, որ ապրիլյան պատերազմի օրերին կուրսանտները մեկ առ մեկ մոտենում էին ինստիտուտի պետի տեղակալներին, գումարտակի հրամանատարներին ու խնդրում, որ ՊՆ զեկուցագիր գրեն, որպեսզի իրենք էլ գնան դիրքեր:
Կուրսում երկու աղջիկ կա: Տղաների հետ, Նինայի խոսքով, լեզու գտել են, ադապտացվել են: Միաժամանակ նշեց, որ հենց իրենց կուրսի տղաները բացասական են վերաբերում այն փաստին, որ մի օր կարող են իրենց քույրերն էլ սովորեն ռազմական ինստիտուտում. «Մտածում են՝ կանանց տեղը մարտի դաշտում չէ, կնոջ համար կա ավելի քնքուշ, նուրբ գործ, գործառույթներ»:
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ աշխատում են զինված ուժերում կանանց ներգրավվածությունը ընդգծելու
- Ծնողներին հակառակ՝ աղջիկներն ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ. Գնդապետ