«Ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված մարդկանցից, որոնց մենք պարտադրված ենք եղել հանել». Վարդան Արամյան
Տարբեր գերատեսչությունների կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) և ԾԻԳ-երի օպտիմալացման գործընթացը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դժվար, բայց անհրաժեշտ է համարում:
Լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարարը նշեց, որ դեռևս ամբողջական հաշվարկներ չկան, թե օպտիմալացումից կամ կրճատումից հետո որքան գումար կտնտեսվի: «Դեռևս դրանք միայն կանխատեսումներ են: Ֆինանսների նախարարության մասով ես կանխատեսումներ ունեմ, որ այդ գործընթացի արդյունքում, մոտավորապես, կարող ենք տնտեսել շուրջ 150-200 մլն դրամ, և շուրջ 50 հոգի կարող են կրճատվել: Այդ ամբողջական պատկերը կունենանք, երբ բոլոր ՊՈԱԿ-ների մասով կետ առ կետ ամփոփենք»,- նշեց Վարդան Արամյանը:
Նրա խոսքերով՝ ՊՈԱԿ-ների լուծարման հետևանքով աշխատողների կրճատումը շատ բարդ է, քանի որ շատ լավ հասկանում են՝ այդ մարդիկ ընտանիք ունեն, բայց հարցին, ըստ նրա, պետք է նաև այլ տեսանկյունից մոտենալ:
«Երկու երնեկ մեկտեղ չի լինում: Հնարավոր չէ, որ ունենանք արդյունավետ տնտեսություն, արդյունավետ տնտեսական կամ ծախսային քաղաքականություն, առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք՝ ինչն է մեզ համար կարևոր: Կարևորն այն է, որ հարկատուից վերցված փողը ծախսվի արդյունավետ: Եթե մարդը նստած է իր աթոռին և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ես որպես ֆինանսների նախարար պետք է անտարբեր չլինեմ դրա նկատմամբ: Այդ գումարը պետք է արդյունավետ ծախսվի, տնտեսական աճ պետք է ապահովվի: Եթե այդ գումարը կարելի է տնտեսել և նույն ծառայությունն այլ ձևաչափով ունենալ, ուրեմն պետք է գնալ դրան: Եթե ես կարող եմ առանց ձախողելու արդյունքային ցուցանիշներ գրանցել, բայց գնալ մարդկանց կրճատելու ճանապարհով, ես պետք է գնամ այդ քայլին»,- ասաց Վարդան Արամյանը:
Նախարարի խոսքերով՝ խոսել է ՊՈԱԿ-ների ղեկավարի, աշխատողների հետ և իր համար շատ դժվար է եղել այդ մարդկանց աչքերի մեջ նայել, իսկ հետո գալ որոշում կայացնել: «Ես ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված բոլոր այն մարդկանցից, որոնց մենք պարտադրված ենք եղել հանել, բայց խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այդ քայլին, քանի որ որևէ անձնական բան չկա` պարզապես ուզում ենք կարգավորել մեր ֆինանսները»,- նշեց Վարդան Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան