Առաջարկելով այս օրենքի նախագիծը՝ ես չէի կարող ունենալ որևէ շահադիտական ձգտում. Վիգեն Սարգսյան
Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ ուզում է միանգամից պատասխանել մի շարք հարցերին, որոնք հնչել են այս օրերին և անհանգստացնում են բոլորին:
Պարզաբանելով, թե ինչո՞ւ է նախագիծն այսքան արագ բերվում խորհրդարան, ինչո՞ւ է այն համարվում անհետաձգելի և արդյոք հնարավոր չէր կազմակերպել հասարակական քննարկումներ, և ով իրավունք ունի առանց մարդու կարծիքը հաշվի առնելու իր կողմից նվիրատվություն կատարելու նույնիսկ ամենաընդունելի նպատակի համար, Վիգեն Սարգսյանը նախ նշեց, որ նախագիծը հիմա է բերվել ԱԺ, քանի որ աշնանային նստաշրջանն ավարտվում է, իսկ արդեն հաջորդ տարի տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ուստի, ըստ նրա, մտավախություն կար, որ այս հարցին եթե չանդրադառնան ընթացիկ նստաշրջանի ընթացքում, ապա դա կարող են անել միայն հաջորդ աշնանային նստաշրջանի ընթացքում, ինչը նշանակում է, որ անհարկի հետաձգելու են այս կարևոր օրենքի ընդունումը:
Ինչ վերաբերում է հասարակական քննարկումներին, նախարարն ասաց. «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ բավարարված ենք հանրային քննարկման մակարդակով, միանշանակ ոչ, ես այսօր և վաղը դեռ ունեմ նշանակված մի շարք հանդիպումներ: Մինչև երկրորդ և երրորդ ընթերցում մտադիր ենք հնարավորինս անդրադառնալ այն կարծիքներին, այն մտահոգություններին, որոնք հնչում են»:
Վիգեն Սարգսյանի խոսքերով, իր կարծիքով՝ այս օրերին տրամաբանական է այն առաջարկը, որ այն ընտանիքները, որոնք այսօր ունեն ժամկետային ծառայողներ, չպետք է վճարեն այս գումարը:
«Ես անձամբ հետամուտ եմ լինելու այս ուղղումը մտցնելու նախագծում, քանի որ շատ տրամաբանական, ճիշտ առաջարկ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ պարտադիր վճարից պետք է ազատվեն նաև հաշմանդամություն ունեցող ընտանիքները:
Ինչ վերաբերում է հանրային լայն քննարկումներին, պաշտպանության նախարարը նշեց, որ չափազանց կարևորում է երկխոսությունն այս թեմայով. «Գիտեմ, որ այս օրերին հնչել են սուր, հաճախ իրար վիրավորող արտահայտություններ: Հավատացեք, որ սկզբունքորեն մեծ խնդիր եմ տեսնում դրա մեջ, քանի որ այս օրենքի բովանդակությունը կարծես այն չէ, որ թույլ տար կարծիք ունեցող մեկին փորձել պիտակավորել կամ մեղադրել մյուսին»:
Վիգեն Սարգսյանը ասաց, որ առաջարկելով այս օրենքի նախագիծը՝ չէր կարող ունենալ որևէ շահադիտական կամ միավորներ կուտակելու ձգտում, որովհետև այս օրենքի շահառուի դերում որևէ մեկն իրեն չի ուզում պատկերացնել, և դա բնական է, բայց այս օրենքով վճար կատարողները յուրաքանչյուրս պետք է լինի:
«Մենք ունենք տարիների ընթացքում հայրենիքի համար զոհված, կյանք տված, հաշմանդամություն ձեռք բերած տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Եթե մենք փորձենք մշակել մի քաղաքականություն, որը թույլ կտար բյուջետային եղած միջոցների հաշվին անդրադարձ կատարել բոլորին, մենք պոպուլիստական մի քայլ կանեինք՝ ընդառաջ առաջիկա ԱԺ ընտրություններին: Բայց օբյեկտիվորեն, այսօր բյուջեի հնարավորությունները դա թույլ չեն տալիս: Ես գիտեմ բոլոր այն կարծիքները, որ այն բոլոր գումարները, որոնք ոմանց կարծիքով՝ թալանված, ոմանց կարծիքով՝ ոչ արդյունավետ օգտագործված, պետք է հետ բերել և դա կարող է ստեղծել մի հսկայական դաշտ հետագա աշխատանքի համար: Ուզում եմ շատ ազնիվ և բաց ձեզ ասել, որ միայն ուրախ և կողմ կլինեմ, եթե ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրը, ինչպես նաև պետական կառավարման համակարգում դրա համար ավելի ուղիղ պատասխանատվություն ունեցող համապատասխան մարմինները հետամուտ լինեն և անուն-անուն թվարկեն բոլոր նրանց, ովքեր փորձել են հատկապես պաշտպանական բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների կամ օջախների ենթադրյալ երջանկությունը: Խորապես վստահ եմ, որ դա ուղղակի անհնար է, և ոչ միայն իրավական, այլև բարոյական և բազմաթիվ այլ պատճառներով: Բայց եթե այդպիսիք կան, պետք է պատժվեն և այդ գումարները պետք է վերադարձվեն՝ ինչպես կարգն է»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան