Մեր օրենսդրությամբ ցանկացած հիմնադրամից կարելի է հաշվետվություն պահանջել. Վիգեն Սարգսյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո Ազգային ժողովի աշխատակազմը նախաձեռնեց և առ այսօր ողջ աշխատակազմի և պատգամավորների գերակշիռ մեծամասնության աշխատավարձից նվազագույնը մեկ տոկոս գումար է գանձվում:
«Դուք գիտե՞ք՝ այդ գումարներն ի՞նչ նպատակների համար են ծախսվել, ես չգիտեմ»,- ասաց պատգամավորը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասաց, որ ինքն այդ որոշման մասին գիտի, բայց տեղյակ չէ, թե այդ գումարներն ուր են գնացել:
«Բացարձակ տեղյակ չեմ, բայց վստահ եմ, որ ԱԺ աշխատակազմն այդքան իրավագիտակցություն ունի, որ հարցադրումը տա նրան, ով հավաքում է այդ գումարը: Վստահ եմ, որ ծառայել է իր նպատակին, կամ կծառայի»,- ընդգծեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նաև նշեց. «Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե ինչու բոլորը պիտի վճարեն հավասար 1000 դրամը, չէ՞ որ կան մարդիկ, որոնք ավելի են վաստակում կամ պակաս են վաստակում: Պատասխանը հետևյալն է՝ սահմանում ենք նվազագույն 1000 դրամի շեմը ու հետո հիմնադրամի աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որ յուրաքանչյուրը ցանկություն ունենա վճարել ավելին, եթե դրա հնարավորությունն ունի: Պատկերացրեք, եթե սահմանեինք տոկոսային հարաբերակցություն, ով վաստակում է, ասենք, 300 հազար դրամ, բայց ունի 7 հոգանոց ընտանիք ու նրա միակ կերակրողն է, նրա համար կստեղծեինք շատ ավելի բարդություններ, քան ավելի քիչ վաստակողի համար, ում ընտանիքում ավելի մեծ գումարային եկամուտ կա»:
Նաիրա Զոհրաբյանը նաև հետաքրքվեց, թե «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարները, որը տնօրինում է ԼՂՀ նախկին փոխվարչապետը, ինչի վրա են ծախսվել:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ հիմնադրամի գործունեությունից, բայց ցանկացած հիմնադրամ կարող է պատասխանատվության ենթարկվել իր գործունեության համար:
«Մենք ունեցել ենք հաջող ու անհաջող բազմաթիվ հիմնադրամների փորձեր, չեմ կարող մեկնաբանել դրանցից յուրաքանչյուրն ու առանձինը, կարծում եմ, որ մեր օրենսդրությամբ կարելի է պահանջել՝ ցանկացած հիմնադրամից հաշվետվություն իր կատարած աշխատանքի համար»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին