Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
«Եթե ամեն ամիս աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացիները պարտադիր կարգով փոխանցեն 1000 դրամ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինվորների ընտանիքներին, ապա տարեկան 4,5-5 միլիոն դրամ կհավաքվի»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե որքան գումար կհավաքվի նախատեսված մեխանիզմով:
Նախարարը նշեց, որ հույս ունի՝ կամավոր նվիրատվությունների դեպքում գումարը շատ ավելին կլինի: «Նախարարությունում արդեն ունենք շատ նամակներ, դիմումներ, որոնցով մարդիկ պահանջում են իրենց աշխատավարձից ավելի շատ պահել, ինչը վստահություն է տալիս մեզ, որ սա ճիշտ քաղաքականություն է»:
Պատգամավորին նաև հետաքրքրում էր, թե կառավարությունն ինչու է խտրականություն դնում և այդ հատուցումը նախատեսում է միայն 2017թ. հունվարի 28-ից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների դեպքում, և ինչո՞ւ մինչ այդ զոհվածների ու հաշմանդամ դարձածների համար հատուցում չի նախատեսվում. «Ո՞նց կարելի է այս որոշմամբ հաստատել նման խտրականություն մարդկանց միջև, որոնք զոհվել են, վիրավորվել են մինչև հունվար ու նրանց, որոնք կզոհվեն կամ կվիրավորվեն այդ ժամկետից հետո: Ինչպե՞ս կարելի է սահմանել նման երկու կատեգորիա»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ իր համար ընդունելի չէ հարցադրումը, որովհետև ցավոտ տեղի է հարվածում. «Եթե դուք այս հարցերով զբաղվում եք պարբերաբար, ես այդ մարդկանց և իրենց ընտանիքների հետ գործ ունեմ յուրաքանչյուր օր: Եթե մտածում եք, որ որևէ մեկի մասին մեկ վայրկյան ավելի եք մտածում, քան ես, ապա իմ մասին լավ կարծիքի չեք, ինչն ինձ տխրեցնում է, քանի որ մենք իրար բավականին երկար ենք ճանաչում: Ես վստահ եմ, որ ճիշտ է սկսել ինչ-որ բանից: Մենք ընտրել ենք մի ճանապարհ, որը հնարավորություն է բացում նաև հետադարձ հայացք նետել»:
Պաշտպանության նախարարը նշեց, որ կուզեր բոլորի խնդիրը լուծել. «Բայց չեմ կարծում, որ լավագույնը պետք է դարձնել լավի թշնամին, չեմ կարծում, որ իդեալականի համար պայքարելով պետք է կորցնել հնարավորությունը՝ անել կարևոր մի քայլ միտված ապագային»:
Լևոն Զուրաբյանը նաև հարցրեց, թե սկզբունքորեն հնարավոր չի՞ համարում, որ այս հարցը կարելի էր լուծել պետական բյուջեի միջոցների հաշին, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»:
Հարակից հրապարակումներ`
- Ես պլանավորում եմ շատ ավելին վճարել հիմանդրամին, որովհետև հավատում եմ դրան. Վիգեն Սարգսյան
- Պաշտպանության նախարար. Ես հասկանում եմ՝ վստահության խնդիր կա
- Մեր օրենսդրությամբ ցանկացած հիմնադրամից կարելի է հաշվետվություն պահանջել. Վիգեն Սարգսյան
- Համերգը մեր քարոզչական բաղադրիչի անբաժան մասն է.. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը՝ Բագրատյանին. Ես պատրաստ եմ Ձեզ հետ երկար ճանապարհ անցնել
- Առաջարկելով այս օրենքի նախագիծը՝ ես չէի կարող ունենալ որևէ շահադիտական ձգտում. Վիգեն Սարգսյան
- ԱԺ-ում Վիգեն Սարգսյանը ներկայացրեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին