Մեկնարկել է երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթը
Երևանի բուսաբանական այգում մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթը, որի կարգախոսն է «Առողջ մարմին, առողջ հոգի, հաջողակ երիտասարդ»:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
«Կարևորելով երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվա անցկացումը մեր երկրում՝ հորդորում եմ բոլոր երիտասարդներին զբաղվել սպորտով, վարել առողջ կենսակերպ և լինել ակտիվ»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Մասնակիցները երկու հոգուց բաղկացած թիմերով ուժերն են չափել բայք-ռան` հեծանվավազք-վազք, ինչպես նաև 2.5 կմ անհատական և երկու հոգուց բաղկացած թիմերի վազք մրցաձևերում: Որոշվել են անհատական վազքում և էստաֆետային թիմի (տղաներ, աղջիկներ, խառը թիմ) երեք լավագույնները:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «TriClub Երևան» ակումբի, «Երևանի կիսամարաթոնի», Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի և Երևանի «Հեծանվահրապարակ» կազմակերպության հետ համատեղ՝ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։
Երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվա շրջանակներում մարզական միջոցառումներ տեղի կունենան նաև նոյեմբերի 15-ին և 16-ին: