Գյուղնախարար. Ներմուծումը պետք է փոխարինել տեղական արտադրությամբ
«Մենք այսօր պետք է աշխատենք երեք հիմնական ուղղություններով` ապահովել պարենային ինքնաբավություն և անվտանգություն, ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ և ավելացնել արտահանման ծավալները»: Գյուղատնտեսական դաշինքի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այդ համատեքստում քննարկվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, սերմնաբուծությանը, տոհմային անասնապահության զարգացմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, պարենային ինքնաբավության ու պարենային անվտանգության ապահովմանը, պարարտանյութերի բաշխմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
«Գյուղատնտեսության ոլորտում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար սեղմ ժամկետում հարկավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր, իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կարճ ժամանակահատվածում կտան շոշափելի արդյունքներ: Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում և լուծումներ են պահանջում, և ձեր փորձը կարող է օգտակար լինել ծրագրերի մշակման և իրականացման գործում», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը առավելապես կարևորել է երկրում գյուղատնտեական կոոպերացիայի զարգացումը` ընդգծելով է գյուղացիների շրջանում կոոպերացիայի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է կազմել մարզերի զարգացման ծրագրեր, որոնք մշակվելու են ելնելով յուրաքանչյուր մարզի առանձնահատկություններից: