Ծնողներին հակառակ՝ աղջիկներն ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ. Գնդապետ
Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում ներկայումս սովորում է իգական սեռի 30 քաղաքացի: Տարեցտարի թիվն ավելանում է,- Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում կայացած «Կանայք զինված ուժերում» աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ռազմական կրթության բաժնի պետ գնդապետ Սուրեն Դավթյանը:
Նա նշեց, որ իգական սեռի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել ծառայել ՀՀ Զինված ուժերում 2013 թվականից: Առաջին տարին ընդունվել են միայն մեկամյա սպայական դասընթացներում, 2014-2015 թթ. ուսումնական տարում կատարվել է բակալավրի ընդունելություն: Ս.Դավթյանի խոսքով՝ բոլոր մասնագիտությունների գծով իգական սեռի քաղաքացիները կարող են սովորել, որևէ խտրականություն չեն դնում:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նրա տեղեկացմամբ, սովորում են բոլոր 5 մասնագիտություններով, ռազմական ավիացիայի համալսարանում 12 մասնագիտություններից 7-ի գծով են սովորում իգական սեռի քաղաքացիները:
«Կան որոշակի մասնագիտություններ, որտեղ չեն դիմում, քանի որ առողջական շատ բարձր պահանջներ են ներկայացված»,- ասաց գնդապետ Դավթյանը:
Նա նշեց, որ չնայած ծնողները դեմ են լինում, որ աղջիկները մասնագիտություն ձեռք բերեն ռազմական ոլորտում, բայց աղջիկները պնդում են և սովորում:
«Արդեն երեք տարի ընդունելություն ենք ունեցել, որևէ դեպք չի եղել, որ հրաժարվեն ուսումնառությունից»,- ընդգծեց Սուրեն Դավթյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ աղջիկների և տղաների համար ընդունելության չափորոշիչներն ընդհանուր են, միայն ֆիզիկական պատրաստվածության ոլորտում կան որոշակի տարբեր չափանիշներ. «Ֆիզիկական առումով ունենք այլ վարժություններ իգական սեռի քաղաքացիների համար, բայց չեն ազատվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից»:
Աշխատաժողովին ներկա քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանն ասաց, որ չափորոշիչների սահմանման շուրջ լուրջ քննարկումներ են ունեցել՝ արդյոք պետք է սահմանել հատուկ պայմաններ իգական սեռի կուրսանտների ընդունելության համար:
«Ի վերջո եկանք եզրակացության, որ ցանկալի տարբերակն է՝ չափորոշիչները լինեն ընդհանուր»,- նշեց նա:
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն ասաց, որ կանանց ծառայության իրավական կարգավորումները կարևոր էլեմենտ են կանանց իրավահավասարության, հավասար հնարավորությունների հաստատման հարցում:
«Հիմնական խնդիրը, ըստ իս, մեր հասարակության մտածողությունն է. կան կարծրատիպային մոտեցումներ կանանց դերի, նշանակության վերաբերյալ: Սա է հիմնականում խանգարում զինված ուժերում կանանց իրավասավարության հաստատման գործընթացին»,- նշեց նա:
Լրագրողների հետ զրույցում փոխգնդապետ Կարապետյանն ասաց, որ հայ կինը հայկական բանակում՝ շատ ընդունելի և ցանկալի տարբերակ է հատկապես այսօրվա պայմաններում՝ ելնելով աշխարհաքաղաքական տարաբնույթ խմորումներից, Հայաստանի իրավիճակից: