Տեսակամուրջ՝ հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների միջև
«Պապա ե՞րբ ես գալու: Շուտ արի»,- Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող Արման Գալստյանի դստեր՝ Գայանեի առաջին հարցն էր հորը:
Հոր պատասխանից հետո՝. «Մեկ ամսից», փոքրիկ Գայանեն արձագանքեց. «Որ գաս, ուզում եմ հետդ տոնածառ բերես»:
Հայրն, իհարկե, դրական արձագանք տվեց:
Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում այսօր արտաքին գործերի նախարարությունում կազմակերպվել էր տեսակամուրջ Աֆղանստանում և Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների միջև:
Խաղաղապահների ծնողները, հարազատները, կանայք ու երեխաները, թեև հաճախ են զրույցում ծառայության մեջ գտնվող իրենց որդիների, եղբայրների, ամուսինների, հայրերի հետ, սակայն առիթը բաց չէին թողել գալ և ևս մեկ անգամ տեսնել ու լսել նրանց: Ամենակարևորը՝ լսել, որ ամեն ինչ լավ է:
«Ո՞նց ես՞»՝ առաջին հարցն է: Եվ Կոսովոյում, և Աֆղանստանում ծառայող խաղաղապահները նույն պատասխանն էին տալիս. «Ամեն ինչ լավ է, ոչ մի բանի կարիք չունենք, միայն կարոտն է: Մենք բարձր ենք պահում Հայաստանի դրոշը»:
Արամայիս Երզնկյանի որդին՝ Դավիթ Երզնկյանը, Կոսովոյում է, դեկտեմբերին կվերադառնա:
«Բանակից զորացվել է ու որոշել շարունակել ծառայությունը: Երբ խոսում ենք, տրամադրությունը միշտ բարձր է լինում, ընդհանրապես, որևէ խնդրի մասին չի խոսում, ասում է, որ ամե ինչ նորմալ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արամայիս Երզնկյանը:
Նշենք, որ Դավիթի եղբայրը՝ Մհեր Երզնկյանը զոհվել է ծառայության ընթացքում. մահացու հրազենային վիրավորում է ստացել Ճամբարակում ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը: Նա երկուսուկես ամսվա ծառայող էր:
Սուսաննա Ադամյանի որդին՝ Սևադա Ադամյանը, Կոսովոյում է ծառայում:
«Փոքր ժամանակվանից սիրում էր զինվորական կյանքը: Բանակից հետո շարունակեց ծառայությունը: Շատ գոհ է ծառայությունից: Հպարտ ենք մեր որդիով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սուսաննան:
Նշենք, որ 2004 թվականից Հայաստանը տարբեր առաքելություններում ունի խաղաղապահ բրիդագներ, որոնք ամերիկյան, գերմանական, հունական ղեկավարության ներքո անվտանգությունն ապահովում են այնպիսի երկրներում, որտեղ խաղաղության հասատատումը խնդրահարույց է եղել:
Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն է իրականցնում Հայաստանից 121 հոգանոց զորախումբը, Կոսովոյում՝ 35 հոգանոց:
Տեսակամուրջին ներկա ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն ասաց, որ ամերիկյան զինծառայողները գոհ են ու բարձր են գնահատում հայկական զորախմբի ծառայությունը:
Դիմելով խաղաղապահներին՝ դեսպանն ասաց. «Ծառայում եք երկու վայրում, որտեղ անվտանգության խնդիրները շատ կարևոր են: Մենք գիտենք այդ մասին, բայց կարևոր է նաև այդ մասին հիշեցնել հայ և ամերիկյան հասարակություններին: Ձեր ծառայությունը մարմնավորում է այն լավագույնը, ինչը կա մեր հարաբերություններում՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքում և ՄԱԿ-ի ներքո:
Ուզում եմ արժանին մատուցել ձեր ընտանիքներին այն զոհողության համար, որին նրանք գնացել եք. դուք այժմ ձեր ընտանքից հեռու եք և ձեր ծառայությունն ենք իրականցնում: ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հպարտանում են այն աշխատանքով, ինչը մենք միասին իրականցնում եք: Անվտանգ և ապահով ծառայություն»:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը Գերմանիայի անունից շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին բացառիկ աշխատանքի համար:
«Բարդ տարածաշրջանում եք աշխատում, հատկապես՝ երբ խոսքը գնում է Աֆղանստանի մասին: Մշտապես վտանգի տակ եք: Թե Կոսովոյում, թե Աֆղանստանում Հայաստանի իրականացրած խաղաղապահ առաքելությունը վկայում է, թե որքան կարևոր է համաշխարհային անվտանգության խնդիրը Հայաստանի համար: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ազդանշան է, որ Հայաստանն ուղարկում է: Ցանկանում եմ անվտանգ ծառայություն և բարի վերադարձ»,- ասաց դեսպան Քիսլերը:
Հարակից հրապարակումներ`
- Կապավոր Նինա Թորոսյան. «Մտածում են՝ կանանց տեղը մարտի դաշտում չէ»
- ՆԱՏՕ-ն Հայաստանի համար վստահելի գործընկեր է եղել. Մհեր Իսրայելյան
- Հատուկ աշխատում են զինված ուժերում կանանց ներգրավվածությունը ընդգծելու
- Ծնողներին հակառակ՝ աղջիկներն ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ. Գնդապետ
- Ջեյմս Ապատուրայ. ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները բավականին վստահելի են և երկարաժամկետ
- ՀՀ-ում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը
- ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունն առ այսօր ուժեղ է եղել և շարունակելու է ամուր մնալ. Ուիլյամ Լահյու