Համերգ՝ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյա հոբլեյանին ընդառաջ
Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կայանալու է ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի այս տարվա վերջին մենահամերգը` նվիրված մեծ, սակայն մոռացված կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային: Այս մասին տեղեկացնում է դաշնակահարի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Հակոբյանը:
Կոմպոզիտորի 120-ամյա հոբլեյանին ընդառաջ` սույն համերգով ազդարարվելու է Հարո Ստեփանյանի խիստ կարևոր մշակութային ժառանգության և ներդրման` հայ հանդիսատեսի հետ հաղորդակցելու նախաձեռնության մեկնարկը, քանի որ 2017թ. ընթացքում պլանավորված է Հայկ Մելիքյանի կողմից Կոմպոզիտորի դաշնամուրային պրելյուդների ձայնագրություն, սկավառակի թողարկում, հետագայում` սկավառակի շնորհանդես և կոմպոզիտորի առավել լայնամասշտաբ ձևաչափով ստեղծագործության` «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրում: Նախաձեռնության հեղինակն է Սարինա Ավթանդիլյանը:
Համերգի ընթացքում դաշնակահարը նաև ներկայացնելու է մի շարք գլուխգործոցներ` 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործությունների շարքից, այդ թվում` Շթոքհաուզեն, Հարվի, Վասկս, Մյուրայ և Կոլոմիեց:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հարո Ստեփայանը ծնվել է 1897 թվականի ապրիլի 13-ին Ելիզավետպոլում: Մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թվականից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Կ. Ադուրալովա, երաժշտության տեսություն և ստեղծագործություն՝ Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա։ 1920 թվականից Սանահինում, Ալեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան)։ 1926-1930 թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ 1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցել է Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի են առել 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։
1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հարո Ստեփանյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն