Վիշվանաթան Անանդն առաջ անցավ զորեղ մրցակիցներից
Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց «Champions Showdown 2016» մրցաշարը, որին մասնակցում էին 4 շախմատիստներ` Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Վեսելին Թոփալովը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարը բաժանված էր երեք փուլի: Առաջին փուլում մրցաշարի մասնակիցները միմյանց դեմ մրցում էին «նոր դասական» ժամակարգով, որում կողմերից յուրաքանչյուրին խաղի համար տրվում է 60 րոպե մինչև պարտիայի ավարտը` յուրաքանչուր քայլին 5 վայրկյան հավելումով: Այստեղ Անանդն ու Թոփալովը 6 հնարավորից վաստակեցին 3.5-ական միավոր, Նակամուրան` 3, իսկ Կարուանան` 2 միավոր:
2-րդ փուլում մասնակիցները մրցում էին արագ շախմատի ժամակարգով: Այստեղ Անանդը 6 հնարավորից վաստակեց 4.5 միավոր, Նակամուրան` 3.5, Կարուանան`2.5, իսկ Թոփալովը` 1.5 միավոր: Մրցաշարը եզրափակվեց կայծակնային շախմատի պարտիաներով: Այստեղ լավագույն արդյունքը ցույց տվեց Նակամուրան, ով 12 հնարավորից վաստակեց 7.5 միավոր, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Անանդը իր ակտիվում գրանցեց 7 միավոր, ինչը բավարար էր ընդհանուր հաշվարկում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար: