Հայաստանը չորրորդ տարին անընդմեջ ազատ համացանց ունեցող երկրների շարքում է
Freedom House միջազգային կազմակերպության կողմից հրապարակվել է «Համացանցի ազատությունը 2016 թ-ին» զեկույցը, որտեղ աշխարհի 67 երկրներում գնահատվել է համացանցի ազատության մակարդակը:
Զեկույցն ընդգրկում է 2015 թվականի հունիսից մինչև 2016 թ-ի մայիս ընկած ժամանակահատվածը: Համացանցի ազատության մակարդակը գնահատվել է 100 միավոր սանդղակով, որտեղ 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրները՝ համացանցի մասնակի ազատություն ունեցող, իսկ 61-100 ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:
Զեկույցում Հայաստանի համացանցի ազատությունը գնահատվել է 30 միավոր, ինչը երկու միավորով պակաս է նախորդ զեկույցում տեղ գտած ցուցանիշից, ինչը, այնուհանդերձ, չի խոչընդոտել մեր երկրին չորրորդ տարին անընդմեջ պահպանել իր դիրքը ազատ համացանց ունեցող երկրների շարքում, որոնք 17 –ն են։
Զեկույցի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում մեր երկրում համացանցի տեղեկատվական ազատության սահմանափակումներ հիմնականում չեն արձանագրվել, չնայած լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ինչպես նաև ինքնագրաքննության առանձին դեպքերի։
Freedom House-ն արձանագրում է, որ «համացանցը Հայաստանում պատմականորեն հարաբերական ազատություն է վայելում` աստիճանաբար ընդլայնվող ենթակառուցվածքային բարեփոխումներով ու առավել մեծ թվով մարդկանց համար հասանելի դառնալով»։
Հայաստանի մասով զեկույցում, մասնավորապես, նշված է, որ դիտարկված ժամանակամիջոցում չի եղել կայքերի հասանելիության, մեդիաբովանդակության՝ այդ թվում նաև քաղաքական թեմաներով, սահմանափակում, ինչպես նաև չի գրանցվել օգտատերերի իրավունքների սահմանափակման դեպքեր: Նմանապես, տեղի չեն ունեցել նաև բլոգերների, համացանցի այլ օգտատերերի ձերբակալության դեպքեր:
Այնուհանդերձ վկայակոչվում է 2016 թ-ի հուլիսին զինված անձանց կողմից Երևանում Ոստիկանության ՊՊԾ գրավումից հետո «Ֆեյսբուք սոցիալական ցանցի կարճաժամկետ արգելափակման հաղորդումները»։ Նույն դեպքերի համատեքստում հիշատակվում է ցուցարարների և ոստիկանության ուժերի բախման ժամանակ «առնվազն 14 լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը»։
Համացանցի ազատության զեկույցը դիտարված ժամանակաշրջանում մատնանշում է ինքնագրաքննության դեպքերի մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլյան բախումների ժամանակ տեղ գտած դեպքերի, որոնք առավելապես դրսևորվել են Պաշտպանության նախարարության` առաջնագծում ընթացող զարգացումներն օնլայն հարթակներում քննարկումներից զերծ մնալու կոչերի արդյունքում։ Զեկույցի հեղինակների պնդմամբ, նման կոչերը օգտատերերի շրջանում ինքնագրաքննության դրսևորում են ստացել։
Բացասական զարգացումների համատեքստում նշվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, որոշ դեպքում բռնության մի քանի դրվագներ։ Մասնավորապես, խոսք է գնում 2015 թ-ի ամռանը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ներկայացուցիչների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները։ Հիշատակվում է նաև նույն թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, որտեղ ևս մի քանի դրվագով արձանագրվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքեր։
Ընդհանուր առմամբ, զեկույցն արձանագրում է, որ վեցերորդ տարին անընդմեջ աշխարհում համացանցի տեղեկատվական ազատ հոսքերի սահմանափակումերի աճ է գրանցվում։ Հեղինակների պնդմամբ, աշխարհում համանացի օգտատերերի երկու երրորդը, շուրջ 67 տոկոս, բնակվում է այնպիսի երկրներում, որտեղ իշխանություններին ուղղված քննադատությունը գրաքննվում է, իսկ ընդդիմախոսներն հաճախ հետապնդվում։
2016 թ-ի համանցանցի ազատության վարկանիշային աղյուսակը գլխավորում են Էստոնիան, Իսլանդիան և Կանադան, մինչդեռ Սիրիան, Իրանն ու Չինաստանը դասակարգվել են որպես վատագույն ցուցանիշն ունեցող երկրներ։
Տարածաշրջանում, բացի Հայաստանից, ազատ համացանց ունեցող երկրների շարքին է դասվում նաև Վրաստանը։ Ադրբեջանն ընդգրկված է մասնակի ազատ, իսկ Թուրքիան ոչ ազատ համացանց ունեցող երկրների շարքում։