«Սասնա ծռերի» անդամի մեղադրանքը լրացվել է սպանության հոդվածով
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Գլխավոր դատախազության ուղարկած պատասխանում նշվում է. «Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է»:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, 2016 թվականի նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):
Բարսեղյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը լրացվել է սպանության հոդվածով, հավանաբար ոստիկաններից մեկին սպանելու համար: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, սակայն, մեր այդ հարցին չպատասխանեցին:
Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպոկահարի կրակոցից:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր»-ի՝ ոստիկաններին սպանած անդամները ցմահ ազատազրկման կդատապարտվեն. «Ժամանակ»
- ՊՊԾ գնդի տարածքը զավթած 31-ին օգնել են ևս 2-ը, որոնք աննկատ լքել են տարածքը. ՀՔԾ
- Ձերբակալվել են երկու անձինք՝ ՊՊԾ գնդի զինված զավթման փաստով հարուցված քրեական գործով