Կրեմլը նախարարի ձերբակալությունը չի համարում նրա պաշտոնանկության առիթ
Կրեմլում չեն կարծում, թե ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալությունը առիթ է նրա հրաժարականի համար: Այդ մասին «Дождь»-ին ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կապ չեմ տեսնում: Խոսք է գնում անձնական մեղադրանքների մասին, որոնք հիմք չեն համարվում, որպեսզի այս կամ այն նախարարին կամ ֆիզիկական անձին մեղավոր ճանաչելու համար: Ավելին՝ աբսուրդ է խոսել կոլեկտիվ պատասխանատվության մասին», -ասել է Պեսկովը:
Նա նաև ասել է, որ Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տեղյակ են եղել Դաշնային անվտանգության ծառայության օպերատիվ գործողության մասին, փոխանցել տեղեկատվություն:
«Իրականում Պուտինը տեղեկացված է եղել օպերատիվ գործողության մասին: Անշուշտ, ինֆորմացիայի հավաքումը որոշակի ժամանակ է պահանջել: Նա նաև տեղեկացված է եղել այն գործողությունների մասին, որոնք իրականացվել են Ուլյուկաևի նկատմամբ այս գիշեր: Քննչական մարմինները լուրջ մեղադրանքներ են առաջ քաշել, որոնք պահանջում են մանրամասն քննարկում և ապացույցներ», -հայտարարել է Պեսկովը:
«Дождь»-ի լրագրողը հետաքրքրվել է, թե եթե նախագահն իմացել է իրավապահների ձեռնարկած օպերատիվ գործողությունների մասին, ապա ինչո՞ւ նրան չի հեռացրել նախարարի պաշտոնից: Ի պատասխան, Պեսկովը պատասխանել է. «Պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ են բավականաչափ հիմքեր, ինֆորմացիա, որը կարող էր ամրապնդվել ունեցած փաստերով»:
«Ինձ հայտնի չէ դեպք, որ նախագահ Պուտինը պաշտոնյայի հրաժարականի որոշում կայացնի ինքնուրույն կամ կառավարության ներկայացմամբ», -ասել է Պեսկովը:
Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին, որին ՌԴ իրավապահները ձերբակալել էին խոշոր չափով կաշառք վերցնելիս: Նրան մեղադրանքն առաջադրվել է «ՌԴ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու, վեցնելու համար»:
Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ նախարարի նկատմամբ հարուցված քրեական գործը կապ ունի նավթային «Բաշնեվթ» ընկերության բաժնետոմսերի փաթեթը գնելու վերաբերյալ «Ռոսնեֆթ»-ի գործարքի հետ։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ձերբակալված նախարարին մեղադրանք է առաջադրվել
- Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը