Մարտունեցիներն ակնկալում են, որ քաղաքի մշակույթի տունը կսկսի գործել. քննարկում
«Բյուջեի յուրաքանչյուր ծախս պետք է թափանցիկ լինի ու հասանելի մարտունեցուն»,-այսօր Մարտունի քաղաքում Մեդիա կենտրոնի և «Մարտունու Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Չլուծված խնդիրներն ու ավագանու աշխատանքը Մարտունիում» թեմայով քննարկամն ժամանակ ասաց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ով արդեն 15 օր է, որ քաղաքապետի պաշտոնում է:
Նշենք, որ քննարկումը հեռարձակվում էր ուղիղ եթերով:
«Ավագանու առաջին նիստը եղել է երեկ, քննարկման ընթացքում հասկացա՝ ավագանին նույնպես տրամադրված է, որ ամեն ինչ լինի թափանցիկ ու մաքուր, չի լինելու այնպես, որ առանց հասկանալու ինչ-որ թղթի տակ ստորագրենք»,-նշեց քաղաքապետը:
Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քաղաքի հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրեցին նորանշանակ քաղաքապետին, որոնք հիմնականում վերաբերում էին աղբահանությանը, քաղաքաշինությանն ու մշակույթին:
«Կարելի է ինչ-որ չափով ավելի շարժուն դարձնել մշակութային կյանքը Մարտունիում, որ ավելի հասանալի դառնա հասարակությանը»,-նշեց «Տաթև» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Գրիգորյանը:
«Համայնքային զարկերակ» ՀԿ-ի ղեկավար Արտուշ Խաչատրյանը հավելեց նրան, որ Մշակութային առումով Մարտունին շատ աղքատ է. «Ունենք շատ գեղեցիկ մշակույթի տուն Մարտունիում, որն ամիսներով չի գործում, պայմաններն այնպիսին են, որ հնարավոր չի այնտեղ ինչ-որ բան իրականացնել»:
ՀԿ-ների ներկայացուցիչների խոսքով՝ Մարտունին այսօր սպասելիք ունի և քաղաքապետից, և ավագանուց, ու եթե քաղաքի բյուջեն «իսկապես գնա քաղաքի հիմնախնդիրների լուծման համար», շատ հարցեր կլուծվեն:
Բարձրացրած մշակութային հիմնախնդիրներին ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, որ համաձայն է մտահոգությունների հետ. «Մենք այսօր չունենք մշակույթի տուն, ունենք ուղղակի քաղաքապետարանից սնվող մի հիմնարկ: Ես այդ հարցն արդեն բարձրացրել եմ: Մշակույթին մոտ մարդիկ են մեզ պետք այսօր՝ տնօրենից սկսած մինչև սովորական աշխատողներ: Տասնութ հոգի աշխատող կա մշակույթի տանը, որ մենք չենք էլ իմացել թե ինչով են զբաղվում, կամ ընդհանրապես գալի՞ս են գործի, թե՞ չէ: Կարող է լինել 6-7 աշխատող, բայց ամեն ինչ համակարգված լինի»:
Քաղաքապետի խոսքով՝ կադրայինից բացի, մշակույթի տունն ունի նաև շենքային պայմանների ու ջեռուցման խնդիր. «Պետք է այս ամենին լուծումներ տանք ժամանակի ընթացքում, ոչ թե ասենք գումար չկա ու վերջ»: