Հայոց արքաների ոսկորները կմնան փաթեթավորված՝ մինչև գումարներ գտնվեն
Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների՝ Արտաշեսյանների և Արշակունիների, դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերված երեք սնդուկը՝ մարդկային ոսկորներով, հայտագործություն է: Մենք ունենում ենք մեր արքաների գենետիկ կոդը բացահայտելու բացառիկ հնարավորություն, ինչը հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային գիտական հանրությանը՝ պարսիկ, եվրոպացի, ամերիկացի գիտնականներին,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Պարսիկ, կամ նույնիսկ եվրոպացի գիտնականներին հետաքրքիր լինելը հասկանալի է, իսկ ինչո՞վ կարող է հայ արքաների ոսկորները հետաքրքրել ամերիկացիներին:
Հհնագետը ի պատասխան նշեց. «Վաղ միջնադարյան արքայական մասունքներ ողջ աշխարհում շատ քիչ են: Նրանք գիտեն, թե ինչ ահռելի կարևորություն ունեցող հայտնագործություն է: Չի բացառվում, որ եթե նամակներ գրենք, նաև զուտ հետաքրքրությունից ելնելով ընդառաջեն մեզ ու թեկուզ ԴՆԹ անալիզն անվճար անեն»:
Հիշեցնենք, որ սնդուկներից երկուսը բացվել էին ավելի վաղ, երրորդը հանդիսավոր բացվեց նոյեմբերի 12-ին: Սնդուկներում Արտաշեսյաններ և Արշակունիներ թագավորական տոհմերի անդամների ոսկորներն են:
Հ.Սիմոնյանը հայտնեց, որ հայտնաբերված ոսկորները պետք է մարդաբանական հետազոտության ենթարկվեն, որպեսզի կարողանան ներկայացնել հայտնագործության լրիվ և վերջնական արդյունքը:
«Երկարատև, դժվարին ու ծախսատար աշխատանք է: Մարդաբանական հետազոտությունը պետք է արվի աշխարհի ամենահեղինակավոր լաբորատորիաներում, հրավիրվեն լավագույն մասնագետները: Մեծ ծախսերի հետ են կապված, պետք է փնտրենք, գտնենք այդ միջոցները:
Մարդաբանական հետազոտության միջոցով հնարավոր կլինի պարզել մարդկանց տարիքը, սեռը, նրանց ունեցած հիվանդությունները, հնարավոր է նաև մահվան պատճառները բացահայտել: ԴՆԹ-ի միջոցով կարող ենք իմանալ, թե ինչ գենետիկա են ունեցել»,- ասաց հնագետը:
Հ. Սիմոնյանի խոսքով՝ այժմ արդեն հայտնաբերված ոսկորները խնամքով փաթեթավորված տարվում են լաբորատորիա, մարդաբանական հետազոտությունից հետո պահվելու են սառնարանի մեջ, որպեսզի ոչ մի կորուստ չլինի:
«Հետազոտությունից հետո, կարծում եմ, պետք է կառավարական հանձնաժողով ստեղծվի ու որոշվի ոսկորների ճակատագիրը՝ որտեղ են ցուցադրվելու, ներկայացվելու, ինչպես ենք պահպանելու: Հնարավոր է մեզ այլևս բախտ չվիճակվի նման հայտնագործություն ունենալ»,- ասաց արշավախմբի ղեկավարը:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է ձեռք բերեն հետազոտության համար անհրաժշետ գումարը, հնագետն ասաց. «Կառավարական խնդիր է, կառավարությունն ինքը շահագրգռված լինի, որ այդ ամենը տրամադրի: Պետական կարևոր արժեք ունեցող հայտնագործություն է, պետականորեն պետք է այդ հարցը լուծվի»:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր չէր գումար ունենալուց հետո բացել սնդուկները, Հ.Սիմոնյանն ասաց, որ անհնար էր՝ եթե մնար, կարող էր ոչնչանալ:
«Երբ հնագիտական օբյեկտը բացվում է, երկար բաց պահել չի կարելի: Երբ գտնվում է հողի տակ, գտնվում է մի իրավիճակում, քիչ թե շատ կոնսերվացված վիճակում է մնում: Երբ արդեն արկղի վրայի հողը հանում ենք, արդեն սկսվում են որոշակի պրոցեսներ, եթե երկար բաց մնա, ոսկրաբանական նյութերը կարող են ոչնչանալ անձրևաջրերից, ձյան հալոցքից, նաև գանձնագողներ կարող են հայտնվել»,- ասաց Հ.Սիմոնյանը:
Հարցին, թե արդյո՞ք տեղում պահպանությունը հնարավոր չէր կազմակերպել, հնագետն ասաց. «Տեղում պահպանությունն, ընդհանրապես, մեզ ոչինչ չէր տա, տեղում չէինք կարող այդ ամենը ուսումնասիրել»:
Հարակից հրապարակումներ`
- Բացվեց Աղձքի հայոց արքաների դամբարանում հայտնաբերված երրորդ սնդուկը
- Աղձքի դամբարանի ծրագիրը կավարտվի 2017 թ. աշնանը
- Աղձքում Արտաշիսյան և Արշակունյաց արքաների մասունքներն են գտել
- Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
- Աղձքի հայոց արքաների դամբարանից գտնվել են սելադոնից պատրաստված հախճապակե անոթներ
- «Աղձքի Արշակունյանց դամբարանի պեղումները շատ կարևոր են մեր ինքնության առումով». Արշավախմբի ղեկավար