«Ուզում եմ կարգին մարդ լինել կամավոր, ոչ թե պարտադիր՝ ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ շանսը». Ռ. Բաբայան
«Առաջադրվել է մարդասիրական մի գործընթաց՝ առողջական, սոցիալական խնդիրներ առաջանալու դեպքում օգնել բանակում կռվող զինվորին: Հարց է առաջանում՝ մի՞թե այդքան բարոլաքվել է մեր ժողովուրդը, որ չի ցանականում օգնել իր սահմանները, հողը պաշտպանող զինվորին: Հեռու եմ այդ մտքից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ խոսելով մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման նախագծի մասին:
Նրա խոսքով՝ ժողովուրդը մտքով, էությամբ մշտապես եղել է բանակի, զինվորի, սպայի կողքին, հպարտանում է իր նվիրյալ զինվորներով, սպաներով:
«Ժողովորդը դա բանակն է, բանակը դա ժողովուրդն է: Որևէ քննարկում այստեղ չկա: Ուղղակի այն ձևը, այն տեսակը, որով մատուցվում է այս ամենը, սխալ ունի: Ժողովուրդը կողմ է գաղափարին, դեմ է ձևին: Մենք պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ մի քանի մարդով առաջարկեցինք՝ եկեք սկսել կամավորության սկզբունքով՝ հանրային վերահսկողությամբ: Բացենք դռները, ժողովուրդը վստահի, կտեսնեք՝ ինչ մեծ հաջողություն է ունենալու: Եթե լինի կամավորության սկզբունքով, շատ ավելի մեծ ազդեցություն կունենա, այսքան լարում չէր լինի լավ բանի շուրջ»,- ասաց Տ.Հեքեքյանը:
Նա նշեց, որ ժողովրդի զգալի մի հատված ուղղակի չի վստահում այս գործընթացին, ինչքան էլ ասում են, որ լինելու է թափանցիկ, բաց:
«Չի վստահում: Ո՞վ է մեղավոր: Գուցե ինչ- որ չափով ժողովուրդը, որ արդեն ոչնչի չի հավատում, նույնիսկ գեղեցիկ նախաձեռնությանը: Բայց առյուծի բաժինը իշխանությանն է, որ տասնամյակներ շարունակ ամեն ինչ արեց, որ ինչ-որ բանի հանդեպ ժողովրդի հավատը կորի: Նախ պետք է սկսենք հավատը վերականգնելով, ոչ միայն ուղղակի խոսքով, այլ գործով: Նախ վերացնել անպատժելիության մթնոլորտը ոչ միայն բանակում: Ժողովուրդն իր բողոքով ցույց է տալիս, որ ընդվզում է անարդարության դեմ, թե չէ բանակը մերն է, պաշտում ենք մեջ զինվորին»,- ասաց Տ.Հեքեքյանը:
Նա նշեց, որ նախ պետք է քննարկվեր այս նախագիծը. «Ժողովրդին զրկում են ինքնուրույն մտածելու կարողությունից»:
Ասուլիսին ներկա Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նույնպես ընդգծեց, որ գաղափարն ընդունելի է: Նա կողմնակից է կամավորության սկզբունքին:
«Նախ պետք է լիներ քննարկում, առաջարկություններ հավաքվեր, ստեղծվեր հանձնաժողով, որը փորձեր մշակել ամենաճիշտ ձևը: «Կամավորություն նշանակում է վստահություն, երկրի տերը քեզ զգալ: Հաճախակի խոսում ենք այն մասին, որ ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Արդյո՞ք իշխանությունը վստահում է ժողովրդին, եթե խուսափում է կամավորության սկզբունքով այդ հարցը լուծել: Կամավորությունը նաև բարոյական պարտականություն է, երկրի, քաղաքու կարգավիճակ է: Կամավորությունը լավ բան է, հաճույք պետք է ստանալ: Ինչո՞ւ են այդ հաճույքից մեզ զրկում: Ինչո՞ւ են կասկածում, որ մարդիկ այդքան անգիտակից են:
Կարծիք հնչեց խորհրդակցության ժամանակ՝ իսկ եթե չհավաքվի: Այդ ժամանակ փորձեք անցնել ձեր մեթոդին: Բայց եկեք փորձենք՝ ստեղծելով հասարակական վերահսկման բոլոր մեխանիզմները, որպեսզի ամեն մի դրամի, լումայի ճանապարհը երևա, թե ինչ ընտանքիներ են ստանում, ով է վճարում»,- նշեց արվեստագետը՝ նշելով, որ արցախյան պատերազմում հայ ժողովուրդը շահել է հիմնականում կամավորներով:
«Ուզում եմ կարգին մարդ լինել կամավոր, ոչ թե պարտադիր: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, ինչո՞ւ ինձ չեք տալիս այդ շանսը: Հասարակությունը պարտավոր չէ վստահել իշխանությանը, իշխանությունը պարտավոր է: Եթե չի վստահում իր ժողովրդին, իրավունք չունի լինել այդ հասարակության գլխին»,- ասաց Ռ. Բաբայանը:
ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ նախագծի շուրջ քննարկումները պետք է շուտ սկսվեին: Միաժամանակ նշեց, որ կոնսոլիդացման լավ գաղափար է, գուցե ձևերը պետք է ավելի նուրբ արվեր:
«Կյանքը ցույց է տալիս, որ սփյուռքը միշտ աջակցել է ազգին, բանակին: Սա էլ պետք է կանոնակարգվի: Սփյուռքն էլ պետք է մասնակից լինի ավելի շուտ կամավորականության սկզբունքով: Գուցե մշակվեն մեխանիզմներ»,- ասաց Կ. Աղամյանը:
Տ. Հեքեքյանը, Ռ. Բաբայանը համոզված են, որ նախագիծն այն տեսքով, ինչ քննարկվում է Ազգային ժողովում ընդունվելու դեպքում ժողովրդի և իշխանության միջև անջրպետը կխորանա: Տ. Հեքեքյանի խոսքով՝ այս վեհ գաղափարը կբարոյազրկվի, հետագա նոր ընդվումների առիթ կդառնա, քանի որ ժողովուրդը փնտրում է մի բան, որ ընդվզի:
«Պետք չէ անջրպետը խորացնել: Ցավոք սրտի ընկալվում է, որ հայ հասարակությունը չի ուզում օգնել զինվորներին, զինվորի ընտանիքներին, վիրավորներին: Պետք է կանգ առնել, կրկին բերել քննարկումների դաշտ, իրականացնել կամավոր սկզբունքով»,- ասաց Ռ. Բաբայանը:
Խոսելով պետական գերատեսչություններին, մասնավորապես պաշտպանության նախարարությունը բյուջեից հատկացվող միջոցների մասին, Ռուբեն Բաբայանն ասաց, որ գումարները պետք է օգտագործվեն նպատակային:
«Մարգարետ Թետչերն ասում էր՝ չկա պետական փող, կա հարկատուներից ստացված գումար: Հաճախակի ասում ենք՝ պետական փողն ինչպե՞ս են ծախսել: Պետական փող չկա: Իմ փողն են ծախսում, ես պարտավոր եմ տեր կանգնել իմ փողին»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի բնակչությունը ևս կմիանա «1000 դրամի» նախագծին. Արթուր Աղաբեկյան
- Մարդիկ առցանց կարողանալու են հետևել հիմնադրամի բոլոր հոսքերին. ԿԲ պաշտոնյա
- Վիգեն Սարգսյան. «Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս հարցը լուծվեր բյուջեի ծախսից»
- Մեր օրենսդրությամբ ցանկացած հիմնադրամից կարելի է հաշվետվություն պահանջել. Վիգեն Սարգսյան