Օդի աղտոտվածության հետևանքով մահերի քանակով Հնդկաստանը անցել է Չինաստանից
Հնդկաստանը առաջ է անցել Չինաստանից օդի աղտոտվածության հետևանքով մահացության ցուցանիշով: Այդ մասին տվյալը հրապարակել է «Greenpeace»-ը, գրում է «РИА Новости» գործակալությունը::
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հնդկաստանում 1990 թվականից սկսած վաղաժամ մահերի թիվն անընդհատ աճում է: Վերջին տվվյալները ցույց են տվել, որ 2015 թվականին Հնդկաստանում գրանցվել է օրական 1640 վաղաժամ մահ, այն դեպքում, երբ Չինաստանում այդ թիվը 1620 է», -աղբյուրի փոխանցմամբ, նշվում է ուսումնասիրության մեջ:
Ըստ աղբյուրի, խոսքը ազոտից, ծանր մետաղներից օդի աղտոտվածության հետևանքով մահվան դեպքերի մասին է: 1990-ին Հնդկաստանում օրական այդ մահերի քանակը կազմել է 1070: Նշվում է, որ Չինաստանում այդ ժամանակաընթացքում մահացության ցուցանիշը մշտապես եղել է բարձր, բայց 2011-ին հասնելով մաքսիմումի՝ սկսել է նվազել:
«Դա ցույց է տալիս, որ Չինաստանի իշխանությունները գնացին վճռական քայլերի օդի աղտոտվածության դեմ պայքարում, ինչի հետևանքով վիճակագրությունը զգալիորեն բարելավվել է: Այնինչ Հնդկաստանում այդ վիճակը ծանր է: Այս հետազոտությունը պետք է որ լուրջ ընդունվի Հնդկաստանի իշխանությունների կողմից և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն», -ասել է Greenpeace-ի ներկայացուցիչ Սունիլա Դահին: