Սերժ Սարգսյան. Կարելի է Երևանի և Բաքվի միջև «թեժ գիծ» ստեղծել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև թեժ գծի ստեղծման օգտին, որի միջոցով հնարավոր կլինի օպերատիվ կերպով արձագանքել Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: «Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ, այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
«Կարելի է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և մեր տվյալներով կրակում են ադրբեջանցիները, ես վերցնում եմ լսափողը, զանգահարում եմ Ադրբեջանի նախագահին և ասում՝ «կրակում են», և նա ստուգում է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ ինքը «դեմ չէր լինի» նման թեժ գծի ստեղծմանը:
«Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել, արդյոք մերոնք կրակո՞ւմ են, թե չեն կրակում՝ իհարկե ակնկալելով նմանատիպ վերաբերմունք Ադրբեջանի ղեկավարի կողմից»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, 1990-ական թվականներին արդեն եղել է նմանատիպ թեժ գիծ ստեղծելու փորձ:
«Նման փորձ մենք ունեցել ենք դեռևս 1990-ական թվականների սկզբին: Այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի: Մենք ուղիղ գիծ ունեինք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ: Մենք կարող էինք նման արտակարգ իրավիճակներում, երբ կար հրատապ կապի անհրաժեշտություն, կապվել իրար հետ: Բայց այժմ նման բան գոյություն չունի»,- նշել է երկրի նախագահը:
Աղբյուրը հայտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ «Սպուտնիկ Արմենիա» կայքում կհրապարակվի նոյեմբերի 17-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան