Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
Արաբկիր 45 փողոցի առաջին տանն են բնակվում Աբաջյանները: Մի մեծ ընտանիք, որտեղ ծնվել է մերօրյա հերոսը՝ Ռոբերտ Աբաջյանը: Այդ ընտանիքում կյանքը կիսվել է երկու մասի` մինչև ապրիլի 2-ը, և դրանից հետո:
Ալեքսանդրի և Աննայի կրտսեր որդին` Ռոբերտը, 2015 թվականի հունվարին էր մեկնել ծառայության: Ծառայում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Ընտանիքն անհամբեր սպասում էր որդու վերադարձին, բայց ապրիլի 2-ի գիշերը փոխեց նաև նրանց ընտանիքի ճակատագիրը:
Ապրիլյան պատերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր, այդ օրերին նոր սխրանքներ գործեցին, 18-20 տարեկան երիտասարդներ հերոսացան: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ ևս մեկ անուն, բոլորից ամենաերիտասարդը։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով բարձրագույն կոչման արժանացավ: Նա ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու արժանացավ «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվեց «Ոսկե Արծիվ» շքանշանով:
Այսօր հերոսի ծննդյան օրն է: Ռոբերտը 20 տարեկան է:
«Երբ մեծ տղաս ծնվեց, քսանմեկ տարեկան էի, երևի թե շատ շուտ էր: Երբ Ռոբերտս ծնվեց, այդ ժամանակ հասկացա, որ մայր եմ: Հրեշտակային գեղեցկություն ուներ, այնքան սիրուն էր, ասես, հրեշտակ լիներ»,- արցունքը հազիվ զսպելով ասում է մայրը ու հավելում. «Ուրիշ երեխա էր»:
Ամուսինը՝ Ալեքսանդրը շարունակում է. «Հրեշտակ էր, իսկական հրեշտակ»:
Մայրը պատմում է՝ աշխույժ, կենսուրախ, մշտապես շարժուն երեխա էր ու, եթե վնաս էր տալիս, ապա միայն ինքն իրեն, մեկ տարեկանում հոնքի վրա արդեն երեք սպի ուներ. «Երբեք որևէ մեկին չի նեղացրել, այլ հակառակը՝ պատրաստ էր բոլորին օգնել»:
Պատրաստակամ, բոլորին օգնող Ռոբերտը հարազատների պատմելով շարունակ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու:
Ծնողների խոսքերով՝ որդին ընկերասեր էր, սիրում էր բոլորի հետ կապ պահպանել: «Բոլորի հետ էր շփվում, նման մարդ չկար, ում հետ 15-20 րոպե շփվեր ու հետագայում նրա հետ ընկերություն չանեին: Տղաս 5 տարեկանից մինչև 80 տարեկան ընկեր ուներ»,- պատմում է հայրը:
Ռոբերտը ոչ միայն ընտանիքի, այլև բակի, հարևանների, հարազատների ուրախություն է եղել:
Մոր խոսքերով՝ մինչև բոլոր ընկերներին չճանապարհեր, տուն չէր գալիս: «Երբ զանգում էի՝ ասում էր էս ընկերոջն էլ ճանապարհեմ, մյուսին էլ, հետո տուն կգամ: Ոնց որ բոլորի հոգսն իր վրա լիներ: Ուրիշ էր, հետո ես զգում, որ յուրահատուկ երեխա էր»:
Ռոբերտը սիրում էր, երբ նշում էին իր ծննդյան օրը, մայրը հիշում է նրա 5-ամյակը: «Պապայի ընկերներին կանչել էր ծնունդի, ասել էր՝ նոյեմբերի 16-ին իմ ծնունդն է, ծնունդ եմ անում, կգաք մեր տուն ու բոլորն եկան: Սեղանները դրել էինք, իր ծնունդն էինք նշում, այնքան էր ուրախացել: Ռոբերտին ոսկե թևնոց էին բերել, որի վրա գրված էր՝ Կյաժ: Մի անգամ հարցրեց՝ մամ թևնոցն ուր է, ասեցի՝ մոտս է բալես, տղա կունենաս կտամ, կգցես տղուդ թևին: Ասեց՝ հա, մամ»:
2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ Ռոբերտի 18-ամյակին եղել է հոր հորեղբոր տղայի հարսանիքը՝ Գյումրիում, իսկ օրը Ռոբերտն է որոշել: Հոր խոսքերով՝ Կյաժը բոլոր բարեկամներին կանչում էր իր ծնունդին, ասում էր՝ ծնունդս անում եմ Գյումրիում:
Բանակում նույնպես Ռոբերտը ծնունդը նշել է, այդ անգամ արդեն զինակից ընկերների հետ: Ռոբերտը շատ հումորով էր, բանակ գնալուց հետո հայրը հարցրել է. «Բալես, էդտեղ ոնց ա հումորդ, պատասխանել է՝ պապ էստեղ հումորի տեղ չի, իսկ որոշ ժամանակ հետո ասել է՝ պապ ամեն ինչ լավ է»:
Աշխույժ, կենսախինդ Ռոբերտը միշտ կենտրոնում էր՝ մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում ու համալսարանում, որտեղ ատամնաբուժություն էր սովորում: Ապրիլյան օրերին, երբ ծնողներն արդեն տեղյակ էին, թե ինչ էր կատարվում սահմանին, ներքին համոզվածություն ունեին, որ Ռոբերտն այդ իրավիճակից էլ դուրս կգա, բայց...
Ծնողները մեկը մեկին լրացնելով պատմում էին մեկ Ռոբերտի մանկությունից, մեկ՝ պատանեկությունից, զինվորական կյանքից: Լսելով նրանց, թվում էր, թե մի երկար, հագեցված կյանքի պամություն ես լսում, բայց Ռոբերտն ընդամենը 19 տարեկան էր:
Արցախի հերոսի ծնունդն է այսօր, նա կդառնար 20 տարեկան: Խաղաղության ու սիրո համար ծնված Ռոբերտը գնաց անմահություն, նրա բոլոր նպատակներն ու երազանքները այդպես էլ անկատար մնացին, բայց կատարեց ամենամեծ սխրանքը՝ գիտակցաբար կյանքը զոհեց հայրենիքին:
Ռոբերտ Աբաջյան անունը միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը