
Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի ՀՀԿ-ին
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկա օրերին կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին ԶԼՄ-մների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտնեց անձամբ Պաշտպանության նախարարը:
Հանդիպման ընթացքում նորանշանակ նախարարը ներկայացրել է բանակաշինության և պաշտպանական քաղաքականության ոլորտում առաջիկայում իր անելիքներն ու պատասխանել հարցերի: Ըստ որում՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ զբաղեցնում է քաղաքական պաշտոն և պատրաստ է իր որդեգրած քաղաքականության համար պատասխանատվություն ստանձնել:
Panorama.am-ը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը համադրվում այն փաստի հետ, որ նորանշանակ նախարարը հանդիսանում է անկուսակցական:
Ի պատասխան, Վիգեն Սարգսյանը նշեց, որ չնայած անկուսակցական է, սակայն անցած ութ տարիներին աշխատելով երկրի նախագահի աշխատակազմում, առնչություններ ունեցել է իշխող Հանրապետական կուսակցության հետ:
Նրա խոսքով՝ իր պաշտոնը եղել է հայեցողական և որևէ կուսակցության անդամակցելու հարց չի եղել: Այսօր, սակայն, զբաղեցնելով քաղաքական պաշտոն, նա որոշում է կայացրել իրեն ընդունելու խնդրանքով առաջիկա օրերին դիմել ՀՀԿ-ին: