Հանքարդունաբերությունը Հայաստանում պետք է լինի ժամանակակից, նոր տեխնոլոգիաներով հագեցած. Սուրեն Կարայան
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից է: Այս մասին այսօր՝ կենսունակ հարքարդյունաբերության հարցերի թեմայով Երևանում կազմակերպված մեկօրյա համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքերով՝ հանքարդյունաբերության ոլորտն արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունի, և այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում: Ըստ նախարարի՝ 2015թ-ին հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է շուրջ 462 մլն դոլար:
Սուրեն Կարայանը նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առաջատար ոլորտներից է և առանձնահատուկ նրանով, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունն ուղղորդող առաջատար օղակներից մեկն է։
«Նշված ներդրումներն ուղեկցվում են ոլորտին հատուկ առաջատար տեխնոլոգիաների մուտքով»,- ընդգծեց նախարարը:
Սուրեն Կարայանի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը և այդ նպատակով կիրառում է բաց դռների քաղաքականություն՝ բացառելով որևէ սահմանափակում ներդրումների համար:
Նախարարը նշեց, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով աշխատանքներ են տարվում «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը կատարելագործելու ուղղությամբ, ինչը օտարերկրացի ներդրողների համար կբացառի խտրականությունը: Բացի այդ, ըստ նրա, աշխատանքներ են տարվում նաև ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ խնդիրների լուծման ուղղությամբ՝ այդ ճանապարհին կարևորել պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացումը:
Սուրեն Կարայանը կարևորեց նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ավելի ընդլայնելու երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը և դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության զարգացման վրա՝ ամերիկյան գործարարների համար ստեղծելով նոր հնարավորություններ:
«ՀՀ կառավարությունը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը: Հայաստանի համար կարևոր է հանքավայրերի շահագործումն ապահովել էկոլոգիապես մաքուր եղանակով։ Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է լինի ժամանակակից, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, կառավարման ժամանակակից մեթոդներով, բարձր որակավորում ունեցող աշխատուժով: Մեր ջանքերի միավորմամբ կարող ենք նման արդյունքներ գրանցել»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա